Սբ. Զատիկի տոնահանդես և «ձվախաղ» Վիրահայոց թեմի նախակրթարանում
Վիրահայոց թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանում Սուրբ Զատիկի տոնը ավանդաբար նշվում է մեծ հանդիսավորությամբ, որին ակտիվորեն մասնակցում են փոքրիկները: 2026 թվականի ապրիլի 1-ին, Սուրբ Հարության տոնին ընդառաջ, թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Թեմի Հայարտուն» կենտրում կայացավ «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի զատկական տոնահանդեսը:
Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը գեղեցիկ տեսք էր ստացել, ավանդական զատկական պարագաներով զարդարված էր սրահը, իսկ սեղանների վրա փայլատակում էին գույնզգույն ներկած ձվերը և տոնական քաղցրավենիքները:
Միջոցառումը մեկնարկեց «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ողջույնի խոսքով և համընդհանուր «Տերունական» աղոթքով: Մոտալուտ Զատկական տոնի առիթով ներկաներին Թեմակալ առաջնորդի օրհնության և շնորհավորանքի խոսքը փոխանցեց ներկաներին և Սուրբ Հարության տոնի խորհրդի մասին հավուր պատշաճի խոսեց արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Մթնոլորտը դարձավ տոնական, երբ երեխաները սկսեցին պատմել Սուրբ Հարության տոնի և հայկական ավանդույթների մասին։ Այնուհետև սկսվեց ուրախ երգն ու պարը, արտասանությունները, որոնց հաջորդեց ձվախաղը՝ արտակարգ ուրախություն և աշխուժություն առաջացնելով դահլիճում հավաքվածների մոտ:
Սուրբ Զատիկին նվիրված միջոցառումը դարձավ Վրաստանում հայ մանուկների մեջ քրիստոնեական արժեքները սերմանելուն և ազգային ավանդույթները պահպանելուն նպատակաուղղված գեղեցիկ և անմոռաց տոնահանդես:
Հայերեն
ქართული
English
Русский 


