Материалы

Անհատական ցուցահանդես «Հոգումս...» խորագրով

2025 թվականի նոյեմբերի 1-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ.  Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, թեմի «Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց ջավախքաբնակ նկարիչ Հազկերտ Կիրակոսյանի անհատական ցուցահանդեսը:  

Կենտրոնի պատերը զարդարված էին նկարչի յուղաներկ կտավներով և գրաֆիկական աշխատանքներով, որոնք  հայրենի բնության, ներքին մտորումների և տարբեր պատկերացումների  մասին վարպետությամբ արված պատկերներ էին:  

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր անձամբ հեղինակը՝ բազմավաստակ ոսկերիչ, 40-ամյա դադարից հետո կրկին վրձնին և գեղանկարչությանը վերադարձած Հազկերտ Կիրակոսյանը: 

Անհատական ցուցահանդեսին ներկա էին արվեստագործներ, նկարիչներ, դիզայներական գործի վարպետներ, տարբեր ազգի ներկայացուցիչներ և երիտասարդ ստեղծագործողներ:

Բացելով ցուցահանդեսը, «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը կարևորեց Հազկերտ Կիրակոսյանի անգնահատելի աշխատանքը  հայրենի գյուղի՝ Նինոծմինդայի շրջանի Դիլիֆի 19-դարի «Սուրբ վարդանանց» եկեղեցու պատերը որմնանկարներով զարդարելու  նվիրական աշխատանքը: Դա կարծես խթան հանդիսացավ ներաշխարհից բխող հոգևորը արտահայտելու համար կրկին գեղանկարչությանը  նվիրվելու համար: Այսօր, երբ նկարչի արվեստանոցում բազում են բնանկարները, դիմանկարները, երևակայական պատկերացումները  արտահայտող կտավները,  նկարիչն իր անհատական ցուցահանդեսը անվանեց  «Հոգումս...» խորհրդավոր անունով:

Հեղինակի աշխատանքների և կրկին գեղանկարչությանը վերադառնալու մասին  խոսեցին գեղանկարիչ Մայիս Կիրակոսյանը և «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

 Արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, փոխանցելով Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և բարեմաղթանքները հեղինակին, իր  խոսքում ընդգծեց վրձնահարվածներով և հարուստ ներկապնակով  կտավին  հանձնած հեղինակի ասելիքը,  որոնցից հատկապես  աչքի են ընկնում պատերազի արհավիրքների և խաղաղության տենչանքի մասին նկարչի պատկերացումները:

Հազկերտ Կիրակոսյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսները կլինեն շարունակական, նպաստելով նկարչի կտավների հանրայնացմանը, իսկ   «Հոգումս...» անհատական ցուցահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև նոյեմբերի 15-ը:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge