«Հայարտուն» կենտրոնի ART խմբակի և Երևանի «ԲալաՅան» ստուդիոյի «Մանկություն» ցուցահանդեսը

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում 2025 թվականի հունիսի 14-ին հյուրընկալվեցին Երևանի «ԲալաՅան» արտ ստուդիոյի սաները՝ ուսուցիչների և ծնողների հետ: Կազմակերպվեց «Հայարտուն» կենտրոնի ART խմբակի (ուսուցչուհի՝ Աննա Կարապետյան) և Երևանի ART ստուդիոյի (ղեկավար՝ Սոֆի Բալայան) սաների աշխատանքների «Մանկություն» խորագրով համատեղ ցուցահանդեսը: Դահլիճի պատերը զարդարվեցին մանկական երևակայությամբ պատկերված նկարներով, որոնց թեման բազմազան էր, նկարները՝ գունեղ և արտահայտիչ: Անցկացվեց նաև վարպետաց դաս, որի ընթացքում Թբիլիսիի և Երևանի նկարչական խմբակների սաները պատկերեցին իրենց կողքին նստածին, պատրաստեցին փոքրիկ նվերներ, որոնք փոխանակեցին միմյանց հետ:
Վիրահայոց թեմի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը փոխանցեց Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը և հայրական բարեմաղթանքը: Տեր Հայրը բարձր գնահատեց մատաղ սերնդի էսթետիկական զարգացման ուղղությամբ նկարչական ստուդիաների աշխատանքների դաստիարակչական նշանակությունը:
«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը, ողջունելով հյուրերին նշեց, որ կենտրոնի ART խմբակը, որի սաները 5-9 տարեկան երեխաներ են և մի քանի ամիս առաջ է խմբակը կազմավորվել, կարողացավ իր առաջին միջոցառմանը ցուցադրվել հավուր պատշաճի: Իսկ Երևանի «ԲալաՅան» արտ ստուդիոյի տնօրեն Սոֆի Բալայանը շնորհակալություն հայտնեց համատեղ միջոցառման առաջարկն ընդունելու համար, հույս հայտնեց, որ երկուստեք համագործակցությունը կշարունակվի:
Վերջում կայացավ նվերների փոխանակում և պաղպաղակով հյուրասիրություն: