Материалы

«Հայարտուն» կենտրոնի ART խմբակի և Երևանի «ԲալաՅան» ստուդիոյի «Մանկություն» ցուցահանդեսը

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում 2025 թվականի հունիսի 14-ին հյուրընկալվեցին Երևանի «ԲալաՅան» արտ ստուդիոյի  սաները՝ ուսուցիչների և ծնողների հետ: Կազմակերպվեց «Հայարտուն» կենտրոնի ART  խմբակի (ուսուցչուհի՝ Աննա Կարապետյան) և Երևանի  ART  ստուդիոյի  (ղեկավար՝ Սոֆի Բալայան)  սաների աշխատանքների «Մանկություն» խորագրով համատեղ ցուցահանդեսը: Դահլիճի պատերը զարդարվեցին մանկական երևակայությամբ պատկերված նկարներով, որոնց թեման բազմազան էր, նկարները՝  գունեղ և արտահայտիչ: Անցկացվեց  նաև վարպետաց դաս, որի ընթացքում Թբիլիսիի և Երևանի  նկարչական խմբակների սաները պատկերեցին իրենց կողքին նստածին, պատրաստեցին փոքրիկ նվերներ, որոնք փոխանակեցին միմյանց հետ: 

Վիրահայոց թեմի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր ծառայող արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը փոխանցեց Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը և հայրական բարեմաղթանքը:  Տեր Հայրը բարձր գնահատեց  մատաղ սերնդի էսթետիկական զարգացման ուղղությամբ նկարչական ստուդիաների աշխատանքների  դաստիարակչական նշանակությունը:

«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը,  ողջունելով  հյուրերին նշեց, որ կենտրոնի ART  խմբակը, որի սաները 5-9 տարեկան երեխաներ են և  մի քանի  ամիս  առաջ է խմբակը կազմավորվել, կարողացավ իր առաջին միջոցառմանը  ցուցադրվել հավուր պատշաճի: Իսկ Երևանի «ԲալաՅան» արտ ստուդիոյի  տնօրեն Սոֆի Բալայանը շնորհակալություն հայտնեց  համատեղ միջոցառման առաջարկն ընդունելու համար, հույս հայտնեց, որ երկուստեք համագործակցությունը կշարունակվի:

Վերջում կայացավ նվերների փոխանակում և պաղպաղակով հյուրասիրություն:

3

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge