Материалы

Համբարձման տոնի Սուրբ և Անմահ Պատարագ Վիրահայոց թեմում

Հայաստանյայց  Առաքելական Սուրբ Եկեղեցին, 2026 թվականի մայիսի 14-ին նշեց Հարությունից հետո Քրիստոսի 40 օր երկրի վրա մնալու և դեպի երկինք հրաշափառ Համբարձման տոնը և Հայոց Հայրապետական Աթոռը՝ Սսից Վաղարշապատ փոխադրության հիշատակը: Տոնը նշանավորվեց Վիրահայոց թեմի  Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ,  մատուցած Սուրբ և Անմահ Պատարագով:

Եկեղեցին բազմամարդ էր:  Հոծ բազմությանը առանձին գեղեցկություն էր հաղորդել    ծաղկեպսակներով զուգված  Թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների և «Հայարտուն» կենտրոնի  տարբեր խմբերի սովորողների ներկայությունը:

Հընթացս Սբ. Պատարագի, Պատարագիչ արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը հավուր պատշաճի քարոզ ասաց Համբարձման տոնի խորհրդի մասին և ներկաներին շնորհավորեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Համբարձման կապակցությամբ:

Այնուհետև Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի  հանդիսապետությամբ կատարվեց «Հայրապետական» մաղթանք: Արարողության ավարտին Սրբազան Հայրը անդրադարձ կատարեց պատմության դաժան իրավիճակների պատճառով կաթողիկոսական Հայրապետական Աթոռի դեգերումներին և խոսեց 1441 թվականին Հայրապետական կաթողիկոսարանը վերջնականապես Սուրբ Էջմիածնում վերահաստատվելու Հայոց պատմության առանցքային նշանակության մասին: Թեմակալ առաջնորդն իր քարոզն ավարտեց աշխարհի խաղաղության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի արևշատության, Հայաստան և Վրաստան երկրների ծաղկման ու բարգավաճման բարեմաղթանքով:

Տոնական Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի  Սուրբ Գևորգ առաջնորդանիստ, Բաթումի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի եկեղեցիներում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge