«Սուրբ Առաքելոց վանքի կռիվը» վավերագրական ֆիլմը ցուցադրվեց «Հայարտուն» կենտրոնում
2026 թվականի ապրիլի 25-ին հանդիսատեսով լեփ-լեցուն էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, որտեղ թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ ցուցադրվեց «Սբ. Առաքելոց վանքի կռիվը» վավերագրական ֆիլմը: Ազգի անմահ հերոսների մասին պատմող ֆիլմի հեղինակը և ռեժիսորն է հայոց պատմությունն ուսումնասիրող, հայկական հետքը հետազոտող մանկավարժ Ռևիկ Կարապետյանը:
Ֆիլմը նվիրված է պատմական Հայաստանի Մշո գավառի Սուրբ Առաքելոց վանքում (11-րդ դար) 1901 թվականին Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ ֆիդայիների անհավասար, սակայն հերոսական պայքարին, քսան օր մի բուռ հայդուկների դիմադրությանը թուրքերի երեք հազարանոց բանակին:
Ֆիլմը խորհրդանշորեն դարձավ այն բանի հաստատումը, որ հայ ժողովուրդը ապրիլի 24-ին հիշում և ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն Սրբադասված նահատակներին, ապրիլի 25-ը արդեն գալիս է հաստատելու ազգի աննկուն ոգին, հույսի, հավատի և արդարության վերականգնման համոզմունքն ու մղումը:
Ելույթ ունեցողները իրենց գնահատանքն ու երախտիքը արտահայտեցին Ռևիկ Կարապետյանին, ով առանց որևէ աջակցության և օժանդակության, վիրահայությանը ներկայացրեց Հայոց պատմության փառավոր էջերից մեկը՝ «Սուրբ Առաքելոց վանքի կռիվը»:
Ներկաների կողմից եղավ առաջարկություն, նաև հորդոր Ռևիկ Կարապետյանին՝ հայոց պատմական վավերագրական ֆիլմերի նկարահանումը դարձնել շարունակական և հանրությանը ցուցադրելի:
Հայերեն
ქართული
English
Русский 
