Ծաղկազարդի տոնը Թբիլիսիի Հայոց եկեղեցիներում
2026 թվականի մարտի 29-ին, Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում տոնի կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, եկեղեցիներում կատարվեց նախատոնակ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվեց Դռբացեքի կարգ և բացվեցին եկեղեցիների վարագույրները:
Առավոտից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին Եկեղեցիների բակերը և շուրջբոլորը: Հավատացյալները բարձր տրամադրությամբ գալիս էին մասնակիցը դառնալու Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ մուտքի ուրախությանը:
Հավատացյալներով լեցուն Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժ. Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:
Հընթացս Սբ. Պատարագի պատարագիչ-քահանան հավուր պատշաճի քարոզ խոսեց Ծաղկազարդի խորհրդի ու տոնի հոգևոր պատգամի մասին, չարի պարտության և բարու ու սիրո հաղթանակի մասին:
Ծաղկազարդի տոնը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է մանուկների օրհնության օր: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ հոգևոր ու դպրաց դասի մասնակցությամբ կատարվեց մանուկների օրհնության կարգ:
Սրբազան Հայրը իր օրհնությունը բաշխելով ներկաներին, խոսեց Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի մասին: Հիշեցնելով Քրիստոսի կյանքի վերջին կրած չարչարանքները, հորդորեց շարունակել ապրել ծաղկազարդի օրվա տոնական տրամադրությամբ, սիրով, հավատքով ու ջերմությամբ, վանել վախը և ապրել Քրիստոսով, քանզի Մեր Փրկիչը ամենուրեք մեր հոգիներում է իր սիրով և զորությամբ:
Օրվա ընթացքում չէր դադարում մարդկանց հոսքը Հայոց Եկեղեցիներ: Հոգևոր հայրերը օրհնում էին հավատացյալների ձեռքին ունեցած ուռենու ոստերը, քանզի ոստերը և ճյուղերը խորհրդանշում են տոնի առանձնակի հանդիսավորությունը:
Հայերեն
ქართული
English
Русский 


