Материалы

«Մեր մեծերը» շարքից ցուցադրվեց Սերգո Փարաջանովին նվիրված վավերագրական ֆիլմ

2025 թվականի դեկտեմբերի 21-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնաբեր ներկայությամբ,  թեմի «Հայարտուն» կենտրոնում ցուցադրվեց  աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգո Փարաջանովին նվիրված վավերագրական ֆիլմ:

Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ՝ Ենոք Թադևոսյանը, հայցելով առաջնորդի օրհնությունը,  բովանդակալից  ներածականով  անդրադարձ կատարեց  Թբիլիսիի քաղաքացու կոլորիտային կերպար, աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգո Փարաջանովի անցած կյանքի դժվարին ճանապարհին  և  ստեղծագործական այն  անկրկնելի ֆիլմերին  որոնք հաստատուն տեղ են գրավել կինեմատոգրաֆիայի գանձարանում:

Վավերագրական ֆիլմում հագեցած մեկնաբանություններով, թերթելով  մեծ կինոռեժիսորի կյանքի էջերը,  վկայագրություններով վեր էին հանված ճշմարտացի իրադարձությունները: Թեև թբիլիսահայ արվեստասեր հասարակայնությունը քաջատեղյակ է  Սերգո Փարաջանովի նկարահանած ֆիլմերին, այնուամենայնիվ կրկին ցուցադրված հատվածները «Մոռացված նախնիների ստվերները», «Նռան գույնը» և մյուս ֆիլմերից վերստին տպավորիչ էին նրանց համար:  

Ֆիլմի ավարտին կրկին շնորհակալության խոսքեր հնչեցին Հայաստանի Հանրապետության «Գրանդ Քենդի» ընկերությանը, որը շարունակաբար հնարավորություն է ընձեռում թբիլիսահայությանը  թեմի «Հայարտուն կենտրոնում «Մեր մեծերը» շարքից դիտելու  նմանատիպ վավերագրական ֆիլմեր:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge