Տեր Եղիշեի Ճանապարհը դեպի հավիտենականություն

2025 թվականի սեպտեմբերի 27-ին Վիրահայոց թեմի հարյուրավոր ներկայացուցիչներ Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցուց դեպի հավիտենականություն ճանապարհեցին 86 տարեկան հասակում իր մահկանացուն կնքած Վիրահայոց թեմի վաստակաշատ հոգևոր սպասավոր, արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանին:
Այդ օրը Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ պատարագ մատուցեց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:
Սուրբ Պատարագին ներկա էին Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Վրաստանի հայաբնակ տարածաշրջաններից և Հայաստանից ժամանած հոգևոր հայրեր, եկեղեցական սպասավորներ, հավատացյալներ, բազում քաղաքացիներ:
Հընթացս Սբ.Պատարագի Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի ձեռամբ, շարականների կատարմամբ և սաղմոսների ընթերցանությամբ Հայոց Եկեղեցու ծիսական կանոններով կատարվեց ննջեցյալի վերջին օծումը:
Հոգևորականները աղոթեցին առ Աստված Տեր Եղիշեի հոգին Աստծու լույսին արժանացնելու աղերսով:
Վիրահայոց թեմի առաջնորդը արժևորեց ննջեցյալ Տեր Եղիշեի անմնացորդ նվիրումը եկեղեցու ծառայությանը, քրիստոնեական գաղափարների աներկբա ընկալմանը և սերունդներին փոխանցմանը: Դրա վկայությունը Տեր Եղիշեի խրատների և ուսուցողական ճիշտ մեկնաբանությունների շնորհիվ իր որդու և թոռան նվիրումն է Եկեղեցու ծառայությանը և բազում երիտասարդների դեպի եկեղեցի ուղղորդելը:
Գրշ. Տեր Կիրակոս Սրբազանը Սրբալույս մյուռոնով վերջին անգամ օծեց Տեր Եղիշեի ճակատն ու դաստակը և աջակողմյան մասում տեղադրեց Կարմիր Ավետարանը: Հոգևոր դասի բոլոր անդամները մեկ առ մեկ հրաժեշտ տվեցին հանգուցյալին:
Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց թաղման արարողությունը: Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի աճյունը հոգևորականների և հարյուրավոր քաղաքացիների հոծ թափորը ուղեկցեց Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն, որտեղ Եկեղեցու արժանավոր նվիրյալը գտավ իր հավիտենական հանգրվանը ազգի մեծամեծների կողքին: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...