Վիրահայոց եկեղեցիներում նշվեց Քրիստոսի Պայծառակերպության տոնը

2025 թվականի հուլիսի 27-ին նշվեց Հայոց Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Թեմի գործող եկեղեցիներում տոնը նշվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Թբիլիսիի և Վրաստանի հայաբնակ տարածաշրջանների հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ մասնակիցը դարձավ, ինչպես ժողովուրդն է ասում, Վարդավառի տոնակատարությանը:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը, իսկ Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում Պատարագիչն էր արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:
Հընթացս Սբ. Պատարագի Պատարագիչ քահանաները հավուր պատշաճի քարոզ խոսեցին օրվա խորհրդի մասին: Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի»: Արժանապատիվ քահանաները ամենուրեք ներկաներին շնորհավորեցին Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ և մաղթեցին ապրել մեր հոգիներում թաքնված լուսավոր կետի պայծառությամբ և մեր ազգին, մեր ժողովրդին, մեր եկեղեցուն՝ հավատարմության ու միասնության գաղափարով:
Տոնական տրամադրությունը շարունակվեց եկեղեցիների բակերում: Հեթանոսական ժամանակներից եկող և քրիստոնեական շունչ ստացած միմյանց վրա ջուր ցողելու սովորությունն իր արտահայտությունը գտավ ծայր առած ջրախաղով, որն ընթանում էր ներդաշնակված երաժշտությամբ, գեղեցիկ շուրջպարով՝ ուրախ տրամադրություն ստեղծելով ինչպես ջրողների, այնպես էլ ջրվողների մոտ:
Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի կապակցությամբ հետպատարագյա տոնադեսներ տեղի ունեցան Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ախալքալաքի «Սուրբ Խաչ», Նինոծմինդայի «Սուրբ Սարգիս», Բաթումի «Սուրբ Փրկիչ» և մյուս հայաբնակ վայրերի եկեղեցիներում:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպությամբ ու Վարդավառի ջրով մաքրազերծված հավատացյալները Քրիստոսով նոր կյանք ապրելու աղերսով հոգեպես նորոգվեցին: