Материалы

Վալերիան Մարկարովի «Այնտեղ, յոթ սարերի ետևում» նորավեպի շնորհանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում

2023 թվականի մարտի 12-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի օրհնությամբ, կայացավ ճանաչված արձակագիր, բազում գրքերի հեղինակ Վալերիան Մարկարովի «Այնտեղ յոթ սարերի ետևում» նորավեպի շնորհանդեսը: Հանդիսատեսով լեփ-լեցուն դահլիճում էին  տարբեր ազգի ստեղծագործողներ, պարզապես ընթերցողներ:

Հեղինակի վերոհիշյալ ստեղծագործության շարժառիթ էր դարձել հոգու կանչը: Օտարալեզու կրթությամբ դաստիարակված և տարբեր երկրներում ապրած, ինչպես նաև աշխարհի շատ ու շատ ժողովուրդների կյանքն ու պատմությունը վերհանած ստեղծագործողի մոտ  հային ու հայկականին նվիրված գործ նվիրելու պարտականությունը առաջացավ անկախ ու վերածնված Հայաստան կարճատև այցելության ժամանակ՝ ներքուստ, Աստծու կամքով,  պարտավորեցնելով գրել ծնող ժողովրդի մասին, և նրա համար:

Կրթությամբ պատմաբան Մարկարովի վերոհիշյալ գիրքը նվիրված է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում թուրքական յաթաղանին  զոհ  դարձած հայ ընտանիքի դաժան ճակատագրին: Թվում է՝ ծանոթ թեմա է, դեպքերը՝ հարյուր հազարավոր, բայց  հեղինակի կողմից կատարված ազգագրական մեծ աշխատանքը, ժողովրդական ավանդույթների, սովորությունների, առօրյայի, բնության ու կենցաղի գրական  բարձր վարպետությամբ նկարագրությունը անգնահատելի էր դարձրել գրքի բովանդակությունը:

3321830

«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի  ողջույնի խոսքից հետո, լրագրող Եկատերինա Մինասյանը ներկայացրեց Վալերիան  Մարկարովի կյանքի ուղին և գրական գործունեությունը, անդրադարձ կատարելով ստեղծագործողի ձգտմանը՝ դեպի հայն ու հայկականը:

Անչափ տպավորիչ էր Վալերիան Մարկարովի կողմից նորավեպից  դրվագների  ընթերցումը՝ երաժշտության, նկարների և հեղինակի խոսքի համադրությամբ, նորից տանելով դեպի մեծ եղեռն ու կոտորած, աշխարհաշեն հայի  ողբերգություն: Քարացած դահլիճը, արտասվախառն աչքերով, վերստին ընկղմվեց գաղթի ճանապարհը բռնած պատմության ոլորաններում, մազապուրծ փրկվածներին բերել-հասցնելով Թբիլիսի հանգրվան:  

Վերջում գնահատանքի և շնորհակալության խոսքերով ելույթ ունեցան բանաստեղծ-թարգմանիչ Մարինա Կիրակոսյան-Մոսեսովան, գրականագետ Կոտե Դումբաձեն և ուրիշներ: Հեղինակին ուղղված  բազում հարցերից ամենահետաքրքրականի համար նկարչուհի Եվգենյա Փարսադանովան նվեր ստացավ Վալերիան Մարկարովի  մակագրությամբ «Ամեն ինչ իր ժամանակն ունի» («Всему свое время») գիրքը:

Շնորհանդեսն արժանացավ  հասարակայնության մեծ  ընդունելությանը:

3320898

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2023 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են