Материалы

Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակը՝ Վիրահայոց թեմի "Հայարտուն" կենտրոնում

2024 թվականի փետրվարի 18-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես՝ Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ: Ցուցահանդեսի հեղինակն է հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը:

Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան դահլիճի պատերը զարդարված էին այն բազմաթիվ արխիվային նյութերի մի մասը ներկայացնող ցուցանմուշներով, որ Վրաստանի և Հայաստանի արխիվներից, թանգարաններից և գրադարաններից հավաքագրել էր Ներսիսյան հոգևոր դպրոցի և Թբիլիսիի հայկական մյուս հետքերն  ուսումնասիրող Լևոն Չիդիլյանը: Դրանք էին Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի պատմական գծագրերը, հատակագծերը,  Ամենայն հայոց կաթողիկոսների կոնդակներ, տարբեր փաստաթղթեր, սովորողների, շրջանավարտների, ուսուցիչների  լուսանկարներ, դպրոցի գործունեության մանրամասն տեղեկագրեր և նյութական մուտքեր ու ելքեր:

Ցուցահանդեսի բացմանը իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Վրաստանում Հայաստանի Հանրապետության փոխդեսպան Դավիթ Ջանազյանը, դեսպանության քարտուղար Ավետիք Հարությունյանը, համայնքային գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, թբիլիսահայ  հասարակայնության անդամներ:

«Հայարտուն» կենտրոնի ղեկավար  Եվգենյա Մարկոսյանի ողջույնից հետո, ներկաներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Վերջինս ընդգծելով  Ներսիսյան հոգևոր դպրոցի անգնահատելի դերը սերունդների  հայեցի դաստիարակության գործում, կարևորեց  ներկայումս Սփյուռքում գործող ազգային կառույցները պահպանելու, զարգացնելու և սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Պահել լեզուն, պահպանել ազգայինը, հավատարիմ լինել մեր հավատքին ու եկեղեցուն – սա էր Թեմակալ առաջնորդի հորդորը՝ վիրահայությանը:  

424858736

Օրը տպավորիչ էր, մթնոլորտը ազգային շնչով տոգորված: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի ողջույնը փոխանցեց փոխդեսպան Դավիթ Ջանազյանը ընդգծելով այն թբիլիսահայերի համար հասանելի դարձնելու  հանգամանքը:  Հիրավի, թբիլիսահայերի  բաղձալի երազանքն էր  արխիվային նյութերով և լուսանկարներով  պատկերացում կազմել Անդրկովկասում գործող առաջին հանրային կրթօջախի մասին, որը  բազմում տարիներ եղել է հայ ժողովրդի հպարտությունը,  ազգի կարկառուն դեմքերի դաստիարակողն ու կյանքի տարբեր ոլորտներ ուղղորդողը:

Ցուցահանդեսի հեղինակ Լևոն Չիդիլյանը արժևորեց  Թբիլիսիում Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակը նախկին Ներսիսյան հոգևոր դպրոցի շենքում նշանավորելը, այն, որ տեղադրված հուշատախտակները այսուհետ վրացերեն, հայերեն և անգլերեն լեզուներով կտեղեկացնեն  համալսարանի շենքի հիմնադրման մասին, որը դառնում է թեթև սպեղանի խորհրդային տարիներին բռնագրավված թեմապատկան հայոց հոգևոր դպրոցի  կորստյան  դիմաց:

Մեկ առ մեկ կանգ առնելով յուրաքանչյուր ցուցանմուշի առջև Լևոն Չիդիլյանը հանգամանալից խոսեց դպրոցի հիմնադրման, տարեցտարի  ընդլայնման, հիրավի քաղաքակրթության  նմուշ դառնալու մասին, ներկայացրեց այն շրջանավարտների մասին, ովքեր այս կրթօջախում ստանալով  բարձրարժեք կրթություն իրենց անջնջելի հետքն են թողել ազգի և ազգայինի զարգացման գործում:

Բանախոսը կարևորեց նաև այն հոգատարության և հոգածության մասին, որ բարերար Մանթաշյանցի կողմից ցուցաբերվում էր  հոգևոր դպրոցի առաջադեմ շրջանավարտներին  կյանքում իրենց արժանվույն տեղը գտնելու  և ազգայինը  զարգացնելու համար:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո բռնագրավված Ներսիսյան հանրահռչակ դպրոցը, զրկվելով հոգևոր դպրոցի իր կարգավիճակից և սերունդներ հայեցի դաստիարակելու առաքելությունից, այսօր հանրահայտ է որպես Կովկասյան բազմապրոֆիլ համալսարան, որտեղ բարձրագույն կրթություն են ստանում շուրջ 10 հազար տարբեր ազգի ուսանողներ:

424615082

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են