Материалы

Թբիլիսիի այլախոս հայ երիտասարդների խոնարհումը XIX-XX դարերի Վրաստանի անվանի հայորդիների հիշատակին

Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի 2024 թվականի  միջոցառումների շարքը մեկնարկեց յուրօրինակ ձևով:

Հունվարի 24-ին կենտրոնը հյուրընկալեց Թբիլիսիի սովորող երիտասարդության ազգային պալատի գրադարանի ակումբի սաներին, ի մասնավորի այլախոս հայերին, ովքեր այս ակումբում խորացնում են իրենց վրացերենի իմացությունը: Հատկանշական է, որ ակումբի սաներին միացել էին նաև ազգությամբ վրացի նրանց ընկերները:

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի կրթության և գիտության նախարարության աշխատակիցներ  Դեսպինե Քոյավան և Կարինե Մանուկյանը, «Վրաստան» թերթի խմբագիր, Թբիլիսիի պատվավոր քաղաքացի Վան Բայբուրթյանը, Առնո Բաբաջանյանի որդին՝ Արայիկ Բաբաջանյանը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենրոնի ղեկավար Եվգենյա Մարկոսյանը, դուդուկի խմբի ղեկավար Վանո Մկրտչյանը, Հ.Մ.Ը.Մ. Թբիլիսիի մասնաճյուղի անդամները,  թբիլիսահայ համայքի ներկայացուցիչները:

Միջոցառումն անցկացվեց վրացերեն, որի ընթացքում ներկայացվեցին Վրաստանում 19-20-րդ դարերի հայազգի խոշոր բարերարների, արվեստի և մշակույթի հայտնի գործիչների կյանքն ու գործունեությունը: Ակումբի սաները պատրասվել էին հավուր պատշաճի և փայլուն  ներկայացրին հայազգի մեծերի կյանքը, գործունեությունը վրաց իրականության մեջ:

2

Հավարտ միջոցառման գրադարանի ակումբի ղեկավար, ուսուցչուհի Քեթևան Կալանդաձեն արժևորեց երիտասարդների դրսևորած հետաքրքրությունը և պատրաստակամությունը   միջոցառումը բարձրարժեք ներկայացնելու համար, կարևորեց ակումբի գործունեության նպատակը, որն ուղղված է Վրաստանի պետական լեզվի տիրապետման հետ միասին այլախոս  երիտասարդներին իրենց ազգայինին մոտեցնելու անհրաժեշտությանը:

Վերջում ամփոփելով միջոցառումը արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությունը, անդրադարձ կատարեց այն դարավոր բարեկամությանը, որն այսօր  նույնպես  անշեղորեն ամրագրվում է  երկու հինավուրց  քրիստոնյա ժողովուրդների կյանքի բոլոր ասպարեզներում:  

Բոլոր ելույթ ունեցողները իրենց գնահատանքի խոսքում ընդգծեցին  հայ-վրացական բարեկամության ամրապնդման և խորացման գործում երիտասարդների մասնակցության և ակտիվության բարձրացման կարևորությունը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են