ԳՐԻԳՈՐ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԽԱՉՔԱՐԻ ՕԾՈՒՄ ԾՈՒՂՐՈՒԹ ԳՅՈՒՂՈՒՄ

2025 թվականի օգոստոսի 21-ին Վիրահայոց թեմի Ախալցիխեի շրջանի Ծուղրութ գյուղում տեղի ունեցավ Սբ. Սիոն եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի օծման հանդիսավոր արարողություն: Խաչքարը Ռուբեն և Էդգար Սաֆարյան եղբայրների բարերարությամբ նվիրվեց իրենց հոր՝ ՀՀ վաստակավոր ուսուցիչ, ճանաչված երգիչ Գրիգոր Սաֆարյանի հիշատակին: Նորահիմն խաչքարի Սրբալույս մյուռոնով օծման արարողությունը կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ:
Խաչքարի օծման արարողությանը մասնակից էին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանը, Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ և Ախալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ Հգշ. Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, Ախալցիխեի շրջանի մերձակա գյուղերի և ավանների հոգևոր հովիվ արժ. Տեր Թորգոմ քահանա Վանդանյանը: Իրենց ներկայությամբ միջոցառումը պատվել էին Ախալցիխեի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլին և նրան ուղեկցող բարձրաստիճան պաշտոնյաները:
Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը իր օրհնության խոսքում անդրադարձ կատարեց խաչքարի խորհրդին, գնահատանքի խոսքեր ուղղեց բարերար որդիների կողմից ծնողների հիշատակի նկատմամբ հարգանքի համար և ներկաներին շնորհավորեց եկեղեցու բակում վեր խոյացած զարդանախշ խաչքարի բացման կապակցությամբ:
Օրը Ծուղրութ գյուղում տոնական դարձավ գյուղի մանկական «Նաիրի» պարային համույթի համերգով, որը կազմակերպել էր պարային խմբի ղեկավար,երջանկահիշատակ Գագիկ Գինոսյանի նախկին աշակերտ Հակոբ Սաֆարյանը:
Վերջում Ռուբեն և Էդգար Սաֆարյան եղբայրների կողմից կատարվեց մատաղով հյուրասիրություն: