Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդի ձեռամբ օծվեց Գոմանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

2023 թվականի հոկտեմբերի 21-ը հիրավի դարձավ պատմական օր Ախալքալաքի շրջանի Գոմանի  գյուղի բնակչության համար: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ օծվեց տեղի հիմնանորոգված, 1847 թվականի կառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: 

Օրը տոնական էր,  ծիսական արարողությունը՝  հանդիսավոր, քանզի վերջապես իրականություն դարձավ գոմանցիների երազանքը, փլուզված եկեղեցին կանգուն և գործող  տեսնելու ցանկությունը:   

Տեղացիները ավանդական աղուհացով  դիմավորեցին Ջավախք ժամանած  Թեմակալ առաջնորդին, առաջնորդական փոխանորդին,  Թբիլիսիից, Ռուսաստանից, Հայաստանի Հանրապետությունից ու Վրաստանի այլ տարածաշրջաններից ժամանած հյուրերին: 

Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի ձեռամբ և Սամցխե Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանի  մասնակցությամբ, արժանապատիվ  Տեր Թադեոս  քահանա Տեր Մկրտչյանը և Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը Սուրբ մյուռոնով օծեցին եկեղեցու սյուները, մկրտության ավազանը, պատկերները, որոնք վերածվեցին սրբապատկերի, իսկ եկեղեցին դարձավ Աստծու տուն, Սուրբ աղոթատեղի:

3

Դռնբացեքի արարողությունից հետո, նորաօծ եկեղեցու Սուրբ խորանից շնորհավորանքի  խոսքերով  ներկաներին դիմեց  Թեմակալ առաջնորդը:  Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսը  արժևորեց գոմանցիների վաղեմի  երազանքի իրականացումը՝  գյուղում Աստծու տուն ունենալու և  Բարձրյալի  շնորհներն ու  օրհնությունը  ամեն օր  զգալու կարևորուլթյունը:  Սրբազան Հայրը բարձր գնահատեց ռուսաստանաբնակ հայր և որդի Ռուբեն և Դավիթ Բանդիկյանների՝  ծննդավայրից չկտրվելու, հայրենակիցների նկատմամբ  սերն ու ուշադրությունը չնվազեցնելու և հիմնանորոգված ու օծված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գյուղին ու նրա բնակչությանը վերադարձնելու համար: Տեր Կիրակոս եպիսկոպոսը ի հիշատակ Աստվածահաճո գործի բարերարներին փոխանցեց  օրհնության գիր և  Սրբապատկեր:

Գոմանի հիմնանորոգված Սուրբ Գրիգոր  Լուսավորիչ եկեղեցու օծման կապակցությամբ բարերարար Բանդիկյան ընտանիքի կողմից գյուղում կատարվեց հյուրասիրություն:

Կիրակի օրը, հոկտեմբերի 22-ին,  Գոմանի  նորաօծ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի անդրանիկ Սուրբ Պատարագը:

4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են