Ուխտագնացություն ՀՀ սրբավայրեր
2026 թվականի մայիսի 24-ին, Հայոց Եկեղեցու օրացույցով Հոգեգալստյան տոնին, ստանալով Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությունը, Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու մի խումբ եկեղեցասեր կանայք, արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի և բարեշնորհ Օթարի սարկավագ Գիգաուրիի առաջնորդությամբ բռնեցին ուխտի ճանապարհը դեպի ՀՀ Սբ. Հովհաննես զորավոր և աղոթակատար մատուռը: Մոմ վառելով և աղոթքով սրբերի օրհնությունը հայցելուց հետո, հավատացյալների խումբը շարունակեց ուխտի ճանապարհը:
Հաջորդ կանգառը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղն էր: Ուխտավորների համար ուրախալի անկնկալ դարձավ հանդիպումը Վիրահայոց թեմի նախկին հոգևոր ծառայող արժ. Տեր Տաթև քահանա Մարուքյանի հետ:
Ուխտավորները ակնածանքով լսեցին տեղի հոգևոր ծառայող արժ. Տեր Տաթև քահանա Մարությանի պատմածը Սբ. Թադեոս առաքյալի, նրա անունը կրող եկեղեցու մասին, որը ժողովրդի շրջանում հայտնի է «Հոգեվանք», «Կարմիր վանք» անունով: Խոնարհությամբ աղոթելով Հայաստանում քրիստոնեություն բերած և տարածած Առաքյալի անունը կրող եկեղեցում, ուխտավորները այցելեցին նաև Սբ. Գրիգոր Լուսավորչի ճգնավայրը, վայելեցին տեղի ջուրը, որը հայտնի է բազում հիվանդություններ բուժելու անկրկնելի հատկությամբ:
Հոգեպես նոր լիցք ստացած, Հոգեգաստյան տոնի և ուխտի բերկրանքով ու երախտագիտության զգացումով, նաև ուխտագնացությունները տարբեր սրբավայրեր շարունակելու աղերսով ուխտավորները և նրանց ուղեկցող եկեղեցու սպասավորները ուրախ և բարձր տրամադրությամբ վերադարձան իրենց տները:
Հայերեն
ქართული
English
Русский 

