Материалы

Մշակութային երկխոսություն Թումանյանի տանը

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ մայիսի 6-ին Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում տեղի ունեցավ գրական հանդիսավոր միջոցառում։ Հանդիպումը կազմակերպվել էր կենտրոնի և Վրաստանի գրողների միության (նախագահ՝ Մաղվալա Գոնաշվիլի) համատեղ նախաձեռնությամբ՝ «Առաջին հերթին պոեզիա» ամենամյա միջազգային փառատոնի շրջանակներում։
Մեծ Լոռեցու հյուրընկալ հարկի տակ հավաքվել էին մշակույթի գործիչներ և պոեզիայի սիրահարներ Հայաստանից, Ղազախստանից, Իտալիայից ու Լատվիայից՝ հաղորդակից դառնալու հայ-վրաց-ղազախական մշակութային կամուրջների ամրապնդմանը։ Միջոցառման առանցքում Վրաստանին նվիրված նոր հեղինակային գրքերի շնորհանդեսն էր, որոնք ներկայացրին անվանի գրողներ Էդվարդ Միլիտոնյանը (Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ, արձակագիր), Գալիմ Ժայլիբանը (Ղազախստանի անվանի բանաստեղծ) և Սաուլե Աբիշևան (Աբայի անվան Ղազախստանի ազգային մանկավարժական համալսարանի պրոֆեսոր)։
Հայ-վրացական գրական կապերն ու երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունները ամուր պահելու գործում ներդրած ավանդի համար պարգևատրվեցին Սայաթ-Նովայի անվան շնորհակալական դիպլոմով՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը և այլք։
Հանդիպման ընթացքում հնչեց ժամանակակից պոեզիա, ծավալվեց անմիջական զրույց գրականության դերի և ազգերի միջև մշակութային փոխանակման կարևորության շուրջ։ Նմանատիպ միջազգային նախաձեռնությունները ևս մեկ անգամ հաստատում են Թումանյանի տան առաքելությունը՝ լինելու տարբեր մշակույթների ու ստեղծագործողների հանդիպման կենսունակ հարթակ։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge