Քաջարանի տիկնիկային թատրոնի ներկայացումները «Հայարտուն» կենտրոնում
2026 թվականի մայիսի 2-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և բարեմաղթանքով, թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում հյուրընկալվեց ՀՀ Քաջարանի արվեստի դպրոց ՀՈԱԿ-ի «Արև» տիկնիկային թատերախումբը՝ 10-14 տարեկան դպրոցականների կազմով և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանի, Քաջարանի Արվեստի դպրոցի տնօրեն Արմինե Թումանյանի և խեցեգործության ուսուցիչ Նարեկ Իսրայելյանի գլխավորությամբ և Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աջակցությամբ:
Կապանի թատրոնի և «Հայարտուն» կենտրոնի համագործակցությունը մի քանի տարվա պատմություն ունի, որը բարեկամական է և այցելություններով հագեցած: «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի և թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանի ողջույնի խոսքից հետո ընդամենը մեկ տարի առաջ Քաջարանի արվեստի դպրոցում ստեղծված «Արև» տիկնիկային թատերախումբը ցուցադրեց «Լինում է, չի լինում» ներկայացումը՝ ըստ Հովհաննես Թումանյանի հեքիաթների:
Տիկնիկների մեծավարպետ խաղը, խոսուն շարժումները, դերասանական ճիշտ ձայնակցությունն ու խոսքը փոքրիկ հանդիսատեսի մոտ առաջացրին աշխուժություն, մեծ արձագանք և բարձր տրամադրություն, իսկ մեծահասակները հիացմունքով դիտեցին հեքիաթի հերոսների ճիշտ կերպարանավորումը: Ներկայացումը, որը ցուցադրվեց երկու սեանսով, ընթացավ ջերմ ծափահարությունների և չթաքնված հիացմունքի ուղեկցությամբ:
Արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի օրհնության և ամփոփիչ խոսքից հետո, Քաջարանի Արվեստի դպրոցի «Արև» տիկնիկային թատերախմբի անդամները ստացան «Սամարացու քսակ» միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպության անակնկալներով հագեցած նվերները:
Քաջարանի հյուրերի հյուրընկալությունը Վրաստանի մայրաքաղաքում կշարունակվի Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն այցելությամբ և Թբիլիսիի տեսարժան վայրեր զբոսանքով:
Հայերեն
ქართული
English
Русский 

