Материалы

Բարեխոսական աղոթք Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում

2026 թվականի ապրիլի 24-ին Հայաստանում և  սփյուռքում հայերը  ոգեկոչում են Հայոց Ցեղասպանության տարելիցը՝ խոնարհումով և բարեխոսական աղոթքով:  Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, եկեղեցիների հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ և բազում հայորդիների ներկայությամբ բարձրացվեց բարեխոսական աղոթք՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի 1,5 միլիոն անմեղ  նահատակների, ովքեր անմարդկային տանջանքներ կրելով զոհվեցին «վասն հաւատոյ և վասն հայրենեաց»։

Դիմելով հանրությանը՝ Թեմակալ առաջնորդը  անդրադարձ կատարեց 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրության կողմից կազմակերպված և իրականացված հրեշավոր ցեղասպանության  անմարդկային հալածանքների  զոհ դարձած, այժմ արդեն սրբադասված    նահատակների հիշատակին, նաև մազապուրծ փրկված և աշխարհով մեկ սփռված  զավակներին, որոնք ապավինելով խաչված և հարություն առած Փրկչին, Մայր հայրենիքում և աշխարհի տարբեր անկյուններում շարունակում են ոգեկոչել նախնիների հիշատակը՝  հանուն արդարության, և Հայոց արդար դատի հաղթանակի հավատով։

Թեմակալ առաջնորդ Կիրակոս Սրբազանի հանդիսապետությամբ ներկաները  ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակում կանգնեցված  խաչքարին:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge