Սուրբ Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում
2026 թվականի ապրիլի 4-ին, Ավագ շաբաթ օրը երեկոյան, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով, Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց ճրագալույցի Սբ. Պատարագ: Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցին լեփ-լեցուն էր հավատացյալներով: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ Հարության Ճրագալույցի Սբ. Պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Հընթացս Սուրբ Պատարագի,Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսն իր քարոզ խոսքում անդրադարձ կատարեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության խորհրդին, չարի պարտությանը և բարու հաղթանակին, մահի պարտությանը և կյանքի հաղթանակին: Ականատես լինելով երկրում տիրող քաղաքական բարդ իրավիճակին, ապրելով Մայր Եկեղեցու նկատմամբ ծավալված բարդ և խնդիրներով լի ժամանակաշրջանում, Սրբազան Հայրը հավատացյալ ժողովրդին հորդորեց ունենալ Հարության հույսը, քանզի խորտակված է մահվան զորությունը և անիմաստ ու աննպատակ չէ մեր կյանքը, գոտեպնդվել, հեռացնել տագնապներն ու վախերը, իրենց հոգիները հզորացնել հավատքին նվիրվածության, Քրիստոսին հավատարմության և մերձավորի նկատմամբ սիրո անխախտ զգացումներով: Իր քարոզի վերջում Կիրակոս Սրբազանը ազդարարեց Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Հավատացյալները սիրով միմյանց շնորհավորեցին Մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեռելներից կենդանություն առնելու համար:
Սբ. Պատարագի ավարտին հավատացյալները իջեցված աշտանակի մոմից վառեցին իրենց մոմերը և Փրկչի օրհնությունն ստացած վերադարձան տներ, տանելով Տիրոջ Հարության Սբ․ Լույսը։ Այնուհետև կատարվեց Սուրբ Հարության տոնից հետո առաջին տնօրհնեքի արարողությունը: Օրհնվեցին հացը, ջուրը և աղը:
Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում:
Հայերեն
ქართული
English
Русский 


