Հայազգի զորավար Վասիլ Բեհբութովին նվիրված ֆիլմի ցուցադրում «Հայարտուն» կենտրոնում
2026 թվականի մարտի 1-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և Վրաստանի հայ մտավորականների միության (նախագահ՝ Ենոք Թադևոսյան) նախաձեռնությամբ, թեմի «Հայարտուն կենտրոնում «Մեր մեծերը» շարքից ցուցադրվեց Վասիլ (Բարսեղ) Հովսեփի Բեհբութովին նվիրված վավերագրական ֆիլմ:
Հայազգի զորավարի անունը ոսկե տառերով է գրվել կայսերական Ռուսաստանի զինվորական տարեգրությունում:
Վասիլ Բեհբութովը ծնվել է Թբիլիսիում և պատկանել է սակավաթիվ այն պատվավոր տոհմերի թվին, որոնց հայրենիքը լինելով Հայաստանը, բարձրագույն տեղ են գրավել Վրաստանի իշխանական տոհերի շարքում: Ուր էլ որ ծառայել է Վասիլ Բեհբութովը, ամենուրեք թողել է հմուտ ռազմագետի և խելացի կազմակերպչի համբավ:
Հայաստանի Հանրապետության «Գրանդ Քենդի» ընկերության կողմից տրամադրված վավերագրական ֆիլմի ցուցադրության ավարտին հետևեցին պատմաբան Ենոք Թադևոսյանի տրված մեկնաբանությունները Ռուսաստանի կայսրությունում և Կովկոսյան տարածաշրջանում Վասիլ Բեհբութովի հրամանատարությամբ վարած հաղթական ճակատամարտերին:
Վասիլ Բեհբութովն իր մահկանացուն կնքել է 1858 թվականին, Թիֆլիսում։ Նրա մարմինն ամփոփվել էր Թիֆլիսի Խոջիվանքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Սակայն եկեղեցու ոչնչացման ժամանակաշրջանում ոչնչացվեց նաև այս եկեղեցին և այդպիսով կորստյան մատնվեց հմուտ զորավարի շիրիմը:
Հայերեն
ქართული
English
Русский 
