Սուրբ Վարդանանց տոնը նշվեց Վիրահայոց թեմում
2026 թվականի փետրվարի 12-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրը:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Պատարագիչ քահանան և հոգևոր սպասավորները աղոթք բարձրացրին առաջնորդանիստ տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող խորանում:
Պատարագիչ Տեր Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին, ովքեր ազգովի պայքարի էին ելել՝ հանուն հավատքի և հայրենիքի, հորդորեց գոտեպնդվել անմահ հերոսների հիշողությամբ, ոգեշնչվել նրանց հայրենասիրությամբ, հավատքին նվիրվածությամբ և հավատարմության գաղափարով: Իր քարոզ խոսքում պատարագիչ քահանան հիշատակեց Ավարայրի ճակատամարտի հերոսներին, ովքեր ընկան՝ հանուն հայրենիքի պաշտպանության, անմահացան՝ տանելով բարոյական հաղթանակ:
Հընթացս Սուրբ Պատարագի հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ «Վասն համօրէն ննջեցելոց ազգիս հայոց»:
Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Այդ առիթով հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության համար:
Վարդանանց տոնին նվիրված Սբ. պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի եկեղեցիներում:
Հայերեն
ქართული
English
Русский 
