Материалы

Թբիլիսիում Սուրբ Սարգսի հիշատակության տոնը սկսվեց ուխտի երթով

Վիրահայոց թեմում միշտ էլ մեծ ոգևորությամբ և սիրով է նշվում Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինակիցների հիշատակության օրը: Տոնը շարժական է, այս տարի այն նշվում է հունվարի 31-ին, իսկ ոգևորությունը նկատելի էր արդեն նախատոնակի ժամանակ: Սբ. Սարգսի տոնը բացառիկ եկեղեցական տոներից է, որը տասնյակ հազարավոր ոչ միայն հայ, այլև այլազգի երիտասարդների համախմբում է հայոց եկեղեցու շուրջ: Այդպես էր նաև այս տարի:

2026 թվականի հունվարի 30-ին, ուրբաթ օրը, հավատարիմ մնալով ավանդույթ դարձած քայլերթին, թբիլիսահայ երիտասարդությունը հավաքվեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում: Ստանալով հոգևոր այրերի օրհնությունը, ուխտավորների թափորը արժանապատիվ քահանաների առաջնորդությամբ, բարեշնորհ սարկավագների և դպիրների ուղեկցությամբ, Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով, ուղղվեց դեպի Խարփուխ թաղամասում գտնվող 1883 թվականին կառուցված Սուրբ Սարգիս մատուռը:

Բազմամարդ թափորը, որին միացած էին տարբեր տարիքի հավատացյալներ, կանգ առավ ավերակների վերածված Շամխորեցոց Կարմիր Ավետարան խոնարհված եկեղեցու փլատակների մոտ,  աղոթքով  հայցելով Ամենազոր Աստծու ողորմությունը:

Հասնելով Սբ. Սարգիս մատուռը, թափորի մասնակիցները ուխտի կատարման աղերսով  մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին Սուրբ մատուռում: Իրենց ուխտը կատարելուց հետո, ուխտավորները հասան Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացան այնտեղ գտնվող հարյուրավոր  հավատացյալներին, որոնց մեծամասնությունը երիտասարդներ էին:

Բազմամարդ եկեղեցում տեղի ունեցավ նախատոնակ երեկոյան ժամերգություն, որի ավարտին  հոգևոր հայրերի կողմից անդրադարձ կատարվեց օրվա խորհրդին, Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդու և զինակիցների քրիստոնեության համար նահատակությանը:

Սուրբ Սարգիսը նաև Սիրո բարեխոսն է: Հավատարիմ մնալով ժողովրդի հոգևոր սովորությանը,  տոնն ուղեկցվում է  նաև ժողովրդական ավանդույթներով՝ աղի բլիթով: Նախատոնակի արարողության վերջում երիտասարդները ստացան աղի բլիթներ, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազհայտնությունը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ հայրապետի բարձր տնօրինությամբ Սբ. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:  Տոնը նշանավորվում է Սուրբ Պատարագով:

Հիշեցնենք, որ վաղը՝ հունվարի 31-ին, ժամը 11:00-ին, Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում կմատուցվի Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինակիցների հիշատակին նվիրված տոնական Սուրբ և Անմահ Պատարագ, որի ավարտին կկատարվի  երիտասարդների օրհնության կարգ:

2

3

4

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge