Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժնի տարեվերջյան ամփոփիչ միջոցառումը
2025 թվականի դեկտեմբերի 26-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, Թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ Թբիլիսիի Golden Tulip Design Tbilisi հյուրանոցի հանդիսությունների դահլիճում կայացավ թեմի երիտասարդների հետ տարեվերջյան ամփոփիչ հանդիպումը: Միջոցառումն իրականացվեց «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար» ծրագրի շրջանակներում Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ:
Մասնակիցներին ողջունեց Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավար Էմիլ Սարգսյանը, ով փոխանցեց Թեմակալ առաջնորդի մաղթանքներն ու շնորհավորանքները երիտասարդներին՝ գալիք Ամանորի կապակցությամբ:
Այնուհետև բարեշնորհ Գևորգ սարկավագ Ավետիսյանը ամփոփեց «Զրույց երիտասարդների հետ» ծրագիրը` հղելով հոգևոր ուղերձներ Սուրբ Ծննդյան և գալիք տոների խորհուրդների համատեքստում։
Հանդիպման ավարտին մուլտիմեդիա լրագրող Միլենա Բարսեղյանը շարունակեց նախորդ հանդիպման թեման` երիտասարդների դերը համայնքում նրանց նախաձեռնողականության ու միասնականության կարևորության մասին: Ինտերակտիվ մրցութային խաղի միջոցով ամփոփվեցին երիտասարդների հետ տարվա ընթացքում քննարկված հիմնական թեմաները։
Երիտասարդները ստացան խրախուսական նվերներ և հրաժեշտ տվեցին միմյանց գալիք տարի նմանատիպ ծրագրերն ու հանդիպումները շարունակելու ակնկալիքով:
Հայերեն
ქართული
English
Русский 
