«ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔՍԵԹ-ԲԵԿԻ ԱՐԽԻՎԻՑ» ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՇՆՈՐՀԱԴԵՍԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ
2025 թվականի դեկտեմբերի 14-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ Թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) տեղի ունեցավ «Լևոն Մելիքսեթ-Բեկի արխիվից» ժողովածուի շնորհանդեսը:
Ժողովածուն լույս է տեսել Վիկտոր Հովսեփյանի տուն-թանգարանի մատենաշարով: Այն կազմել են հայագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Բոնդո Արվելաձեն և Վիկտոր Հովսեփյանի գրական արխիվի ղեկավար Գիսանե Հովսեփյանը: Ժողովածուն ներառում է Լևոն Մելիքսեթ-Բեկին հղված նամակները, որոնք Բ. Արվելաձեին է փոխանցել Լ. Մելիքսեթ-Բեկի կրտսեր որդին՝ շախմատի միջազգային կարգի մրցավար Եվգենի Մելիքսեթ-Բեկը: Նամակների հեղինակներն են Նիկողայոս Մառը, Էքվթիմե Թաղաիշվիլին, Իվանե Ջավախիշվիլին, Հրաչյա Աճառյանը, Հակոբ Մանանդյանը, Սուրեն Երեմյանը, Կարո Ղաֆադարյանը, Ավետիք Իսահակյանը, Աշխեն Թումանյանը և գիտության, մշակույթի, գրականության այլ կարկառուն դեմքեր: Ժողովածուի վերջում ներկայացվել է Կոնստանտինե Գամսախուրդիայի «Թբիլիսիի համալսարան» հոդվածը՝ գրված մայր բուհի հիմնադրման առիթով:
Արխիվային նյութից կենդանություն է առնում նախորդ դարի գիտական, գրական, մշակութային և հասարակական կյանքը և այս ֆոնին երևում է Լևոն Մելիքսեթ-Բեկի՝ պատմաբանի, աղբյուրագետի, ազգագրագետի, բանագետի, գրականագետի, ազնիվ բարեկամի ու ընկերոջ, իսկական թբիլիսցու, մեծ ուսուցչի կերպարը: Ժողովածուն տպագրվել է Պատրիկ Բեզոյանի (ՌԴ) նյութական աջակցությամբ:
ժողովածուի գրախոսությամբ հանդես եկավ բանասիրական գիտությունների թեկնածու Էմմա Ախտյանը: Ելույթներ ունեցան հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, Թբիլիսիի պետական համալսարանի գիտաշխատող Նինո Ափցիաուրին, «Վրաստան» թերթի խմբագիր, Վան Բայբուրթյանը, Իվ. Ջավախիշվիլու անվան ԹՊՀ ուսանողներ Արևիկ Պապոյանը, Լուսինե Սուքիասյանը և ուրիշներ:
Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանը օրհնության իր խոսքում արժևորեց գիտության երախտավորների դերակատարումը սերունդների կրթության ու դաստիարակության, մշակույթի պահպանման ու զարգացման, ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում: Թեմակալ առաջնորդը մեր օրերի վիրահայ բանասիրության երախտավոր Էմմա Ախտյանին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից շնորհված «Սուրբ Ներսես Շնորհալի» մեդալը: Վեհափառ Հայրապետի Օրհնության գիրն ընթերցեց արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը:
Երաժշտական համարներով հանդես եկան դաշնակահար Եսայի Աբովյանը և «Հայարտուն» կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» մանկապատանեկան երգչախումբը (ղեկավար՝ Աիդա Բազոյան):
Հայերեն
ქართული
English
Русский 
