Материалы

Հայկական ոչնյութական արժեքների պահպանումը արհեստները սերունդներին փոխանցելու, տարածելու և ժողովրդականացնելու միջոցով

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ «Հայկական արհեստների փոխանցումը սերունդներին ոչնյութական արժեքները  պահպանելու համար» կարգախոսով իրականացվող ծրագրի շրջանակներում, 2025 թվականի նոյեմբերի 30-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում կայացավ Երևանի ժողովրդական արհեստների թանգարանի ուսուցիչ վարպետների կողմից տարբեր արհեստներից վարպետության դասերի անցկացումը, որոնց մասնակցում էին վերոհիշյալ կենտրոնի գեղագիտական խմբի սաները, բուհերի սովորողներ, արհեստագործության սիրահարներ:

«Հայարտուն» կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի ողջույնի խոսքից  և Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հայրական օրհնությունը փոխանցելուց հետո, ներկաները  չորս տարբեր խմբերով ձեռնամուխ եղան տարբեր իրերի պատրաստմանը առաջնորդվելով վարպետ ուսուցիչների խորհուրդներով:

Ասեղնագործության վարպետ Արմենուհի Խաչատրյանի, թաղիքագործության վարպետներ  Մարինե Ղարիբյանի և Ծովինար Թադևոյանի, կարպետագործության և գորգագործության վարպետ Մարգարիտա Խաչյանի գլխավորությամբ և ցուցումներով սաները ծանոթացան  ժողովրդական արհեստների նորանոր բացահայտումներին, պատրաստեցին զանազան խաղալիքներ, տիկնիկներ, ասեղնագործության նմուշներ:

Նույն օրը հայաստանցի վարպետ ուսուցիչները վարպետության  դաս անցկացրին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, խորհրդանշորեն այնտեղ պատրաստած տիկնիկը «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանին նվիրելու նպատակով:

Վարպետության դասի մասնակիցները որոշեցին իրենց պատրաստած իրերը  ցուցադրել Ամանորյա տոնահանդեսին:   

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge