Վրացահայ երիտասարդները ծանոթանում են Թբիլիսիի հայկական հետքին
Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժինը շարունակում է Վրաստանի տարածաշրջանների հայ երիտասարդությանը ծանոթացնել Թբիլիսիի հայկական հետքին: Նախագիծն իրականացվում է «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2025» ծրագրի շրջանակներում «Jinishian Memorial Foundation» հիմնադրամի աջակցությամբ:
Միջոցառման նպատակն է հայ երիտասարդներին ծանոթացնելով մայրաքաղաքի տեսարժան և հիշարժան վայրերին, խորացնել նրանց ինտեգրումը վրաց հասարակությանը, խթանել նրանց լեզվական ու մշակութային զարգացումը, ձևավորել երկրի հասարակության լիիրավ անդամի քաղաքացիական պատասխանատվության զգացումը։
2025 թվականի նոյեմբերի 22-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, Թեմի Երիտասարդական բաժինն իրականացրեց Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի թվով 20 երիտասարդների այցը Թբիլիսի: Թեմի երիտասարդական բաժնի ղեկավարներ Էմիլ Սարգսյանի և Աննա Մկրտիչյանի առաջնորդությամբ այն մեկնարկեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցուց՝ ստանալով արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանի օրհնությունը և լսելով եկեղեցու պատմությունը:
Կարմիր գյուղի երիտասարդները շրջայց կատարեցին «Հայարտուն» կրթա-մշակութային ու երիտասարդության կենտրոնում, իրենց խոնարհումը բերեցին Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հուղարկավորվածների հիշատակին:
Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում երիտասարդները հետաքրքրությամբ լսեցին և տեսան ինչպես Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանի, այնպես էլ Վրաստանի մայրաքաղաքի մշակույթի, ճարտարապետության և ընդհանրապես քաղաքային կյանքի զարգացման գործում հայ ժողովրդի ներդրման և հետքի մասին:
Տպավորիչ էր զբոսանքը հին թիֆլիսյան թաղամասում, որը շաղախված էր պատմական հմայքով և ոճական անկրկնելիությամբ: Իսկ Քարվանսարայի թանգարանում տեսածն ու լսածը անջնջելիորեն տպավորվեց հայ երիտասարդների հիշողության մեջ:
Օրը եզրափակվեց ջերմ մթնոլորտում՝ ընկերական ընթրիքով:
Հայերեն
ქართული
English
Русский 


