Материалы

Վիրահայոց թեմի Երիտասարդական բաժինը շարունակում է ոգեշնչել և միավորել

2025 թվականի նոյեմբերի 1-ին, «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր փոփոխությունների համար 2025» ծրագրի շրջանակներում «Jinishian Memorial Foundation» հիմնադրամի աջակցությամբ և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ, Թեմի Երիտասարդական բաժինն իրականացրեց Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքից թվով 15 երիտասարդների այցելությունը Թբիլիսի: Միջոցառման նպատակն էր հայ երիտասարդներին ծանոթացնելով մայրաքաղաքի տեսարժան և հիշարժան վայրերին, խորացնել նրանց  ինտեգրումը վրաց հասարակությանը,  խթանել նրանց լեզվական ու մշակութային զարգացմանը, ձևավորել երկրի հասարակության լիիրավ անդամի քաղաքացիական պատասխանատվության  զգացումը։

Ծրագիրն անցկացվեց վրացերենով՝ դառնալով մասնակիցների համար երկրի պետական լեզվի իմացության գործնական դրսևորում:   

Շրջայցը Թեմի երիտասարդական բաժնի ղեկավարներ Էմիլ Սարգսյանի,  Աննա Մկրտիչյանի և Էդիտա Զոհրաբյանի ուղեկցությամբ մեկնարկեց Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի և  «Հայարտուն» կրթա-մշակութային ու երիտասարդության կենտրոն այցելությամբ: Նինոծմինդացի երիտասարդներն իրենց խոնարհումը բերեցին  Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում հուղարկավորվածների  հիշատակին, դիտեցին Ազատության հրապարակը,  քաղաքապետարանի պատմական շենքը, որտեղ ներկայումս գործում է քաղաքի Սակրեբուլոն՝ Ժողովրդական ժողովը:

Շարունակելով երթուղին՝ հյուրերը ծանոթացան Սովորող երիտասարդության շենքի՝ նախկին Պիոներների պալատի պատմությանը, դիտեցին Վրաստանի խորհրդարանի շենքը և այցելեցին Վրաստանի ազգային թանգարան, որտեղ երկրի  բռնագրավման սրահում  առանձնահատուկ ուշադրությամբ ունկնդրեցին ուղեցույցի՝ գիդի վրացերենով պատմածը Վրաստանի անկախության ձեռքբերման և Աբխազիայի բռնագրավման մասին, ինչը միանգամայն հասկանալի էր երիտասարդների համար:   

Էքսկուրսիայի վերջին կանգառը  Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն էր: Այստեղ   երիտասարդները ունկնդրեցին  ինչպես Հովհ. Թումանյանի թբիլիսյան բնակարանի, այնպես էլ Վրաստանի մայրաքաղաքում մշակույթի, ճարտարապետության և ընդհանուր առմամբ քաղաքային կյանքի զարգացման գործում  հայ ժողովրդի ներդրման  և անջնջելի հետքի մասին:

Օրը եզրափակվեց ջերմ մթնոլորտում՝ ընկերական ընթրիքով, դառնալով Ջավախքի երիտասարդության  աշխարհայացքը ընդլայնելու,  երկխոսության դերը  կարևորելու և  վրացական քաղաքացիական հասարակությանը ինտեգրվելու նպատակին օժանդակող   գնահատելի նախաձեռնություն:  

9Bb643E

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge