Խաչվերացին նվիրված Սուրբ Պատարագ Թբիլիսիի հայոց եկեղեցիներում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, 2025 թվականի սեպտեմբերի 14-ին տոնեց Խաչվերացը՝ Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը: Տոնը Վիրահայոց թեմի եկեղեցիներում նշանավորվեց տոնական Սուրբ պատարագներով:
Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայեցակարգային գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
Հընթացս Սբ. Պատարագի Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Խաչվերացի տոնի մասին, քանզի այն խաչին նվիրված տոներից ամենակարևորն է և ներառում է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակը:
Հավարտ Սրբազան արարողության՝ Վիրահայոց թեմի առաջնորդը հավատացյալներին շնորհավորեց Խաչվերացի տոնի կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց Հայր Ռուբեն վարդապետին՝ տոնական Սբ. Պատարագ մատուցելու համար:
Թբիլիսիի Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում Խաչվերացի տոնին նվիրված Սբ. Պատարագը մատուցեց արժանապատիվ Տեր Հովսեփ քահանա Հարությունյանը:
Նույն օրը եկեղեցիներում, հավարտ երեկոյան ժամերգության օրհնվեց ռեհանը, որը ժողովուրդը համարում է խաչի ծաղիկ: