Թբիլիսիում փառաբանվեց հայոց ազգային ճաշատեսակ տոլման

Վրաստանում բարի ավանդույթ է դարձել ներկայացնել հայկական խոհանոցն իր բազմազանությամբ՝ որպես հայոց մշակույթի անբաժանելի մաս: 2025 թվականի հուլիսի 13-ին Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում փառաբանվեց հայկական տոլման: Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը (նախագահ՝ Սուսաննա Խաչատրյան) արդեն 15-րդ անգամ անընդմեջ իրականացրեց տոլմայի փառատոն, որին մասնակցեցին թբիլիսահայեր, վիրահայեր և հայաստանաբնակներ:
Հայոց եկեղեցու բակը լեփ-լեցուն էր մարդկանցով: Կիրակնօրյա Սբ. Պատարագից հետո հավատացյալներին սպասում էին 30-ից ավելի հայկական բուրումնավետ տոլմաներով զարդարված սեղանները: Թեմակալ առաջնորդը արժևորեց և գնահատանքի խոսք ուղղեց ազգային արժեքները և ավանդույթները պահպանելու, սերունդներին փոխանցելու նպատակին ուղղված վիրահայ տիկնանց մոտեցումները:
Սրբազանի կողմից սեղանների օրհնությունից հետո բուրումնավետ տոլմայի համտեսումն ընթացավ Թեմի «Հայարտուն» կենտրոնի (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) ժողովրդական գործիքների համույթի (ղեկավար՝ Իվանե Մկրտչյան ) նվագակցությամբ և մենակատարներ Աիդա Բազոյան-Սուրմալյանի, Արման Պապիկյանի և Ալեքս Ակոպյանի՝ ժողովրդական երգերի հոգեհմա կատարումների և հայկական պարի ու շուրջպարի ներդաշնակությամբ:
Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը տոլմայի փառատոնն իրականացնելու համար իր երախտագիտությունն է բերում Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանին, վարչական բաժնի ղեկավար Կարեն Երիցյանին, աջակցության համար շնորհակալություն է հայտնում Թբիլիսիի երկու եկեղեցիների խաչի քավորներ Արկադի Հովակիմյանին և Կարեն Դարբինյանին, Հայաստանից ժամանած սիրողական խոհարար Դավիթ Բաբայանին և բոլոր մասնակիցներին: Տոլմա պատրաստողներին գեղեցիկ հուշանվերներ էր հղել ներկայումս մոսկվայաբնակ եկեղեցասեր Մարինե Սումախյանը:
Թբիլիսահայերի հիշողության մեջ տոլմայի փառատոնը դրոշմվեց անմոռանալի տպավորություններով և տոնական տրամադրությամբ: