Բանախոսություն և վկայականների հանձնում շրջանավարտներին

Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ և հանդիսապետությամբ, 2025 թվականի հունիսի 24-ին, Թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում բանախոսությամբ հանդես եկավ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական ակադեմիական ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ռիմմա Ասլանյանը: Վերջինիս բանախոսությունը վերաբերում էը հայ ժողովրդի կյանքում Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից քրիստոնեական հավատքի տարածման շրջադարձային փուլին և նվիրված էր «Հզոր արմատներ, համարձակ ապագա» թեմային:
Ռիմմա Ասլանյանը սլայդներով ներկայացրեց Հայաստանում քրիստոնեության տարածման ժամանակաշրջանը: Քրիստոնեության ընդունումը շաղկապեց հայոց պատմության մյուս ազգային առաջընթացի մեսրոպատառ այբուբենի ստեղծման հետ: Բանախոսության հետաքրքիր ավարտ դարձավ թևավոր մտքերի մեջբերումներով և հանդիսատեսի մասնակցությամբ հայոց գրերի իմաստի ու խորհրդի հիշատակումը:
Արժևորելով դպրոցական տարիքի բանախոսի բովանդակալից զեկույցը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն և կրթական բաժնի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը կարևորեց աշխարհասփյուռ հայության, հայի տեսակի ձևավորման հարցում մայրենի լեզվի տիրապետումը և հայոց այբուբենի իմացությունը և, որպես սույն բանախոսության հաստատում վկայակոչեց Վիրահայոց թեմի աջակցությամբ Վրաստանի տարբեր շրջաններում և Թբիլիսիում գործող հայերենի ուսուցման մեկօրյա դպրոցները:
Հավարտ միջոցառման՝ Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և ձեռամբ, թեմի «Սբ. Եղիա մարգար» կիրակնօրյա (ուսուցիչներ՝ Ռոզա Զոհրաբյան, Ենոք Թադևոյան) և Սբ. Գրիգոր Նարեկացի շաբաթօրյա (ուսուցիչներ՝ Թամարա Գաբոյան, Ենոք Թադևոսյան) մեկօրյա դպրոցների 2023-2025 թվականների շրջանավարտները ստացան երկամյա դասընթացներն ավարտելու վկայականներ: