Материалы

«Տղաս, ու՞ր է Եփրատը» ֆիլմի ցուցադրություն Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում

Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, 2025 թվականի հունիսի 20-ին ցուցադրվեց Ռուբեն Փաշինյանի ««Տղաս, ու՞ր է Եփրատը» գեղարվեստական ֆիլմը: Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմի ցուցադրությանը ներկա էր ինքը՝ սցենարի հեղինակ, ռեժիսոր և դերակատար Ռուբեն Փաշինյանը: Հայոց մեծ Եղեռնից մազապուրծ փրկված հայերը սփռվում են աշխարհով մեկ, սակայն ապրում են հայրենիքի սիրով ու կարոտով – սա է ֆիլմի հավատո հանգանակը:
Ֆիլմի հեղինակը խոսելով սցենարը գրելու շարժառիթների, նկարահանման դժվարությունների մասին, նաև իր խոնարհումը բերեց ՀՀ նախկին առաջին տիկին հանգուցյալ Ռիտա Սարգսյանի հիշատակին, ում աջակցությամբ և ոգեշնչմամբ իրականացավ այն: Ռուբեն Փաշինյանը երախտագիտություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանին՝ ֆիլմը թբիլիսահայ հանդիսատեսին ներկայացնելու նպատակով ցուցաբերած աջակցության համար, արժևորեց աշխարհի տարբեր երկրներում ֆիլմի ցուցադրությանը հոգևոր թեմերի առաջնորդների դրսևորած բարի կամքը:
Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնի հոգևոր տեսուչ արժ. Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, էքսկուրսավար Գոհար Մազմանյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և մյուսները իրենց ելույթներում անդրադարձ կատարեցին ֆիլմում տեղ գտած հայերի կոտորածի, Ցեղասպանության զոհերի մասին հիշատակումներին, արժևորեցին հայրենիքի սիրո, կարոտի, հույսի զգացմունքների վերհանումը, կարևորեցին Եփրատ գետը որոնող գլխավոր հերոսի արտահայտած այն միտքը, որ երկու հայ իրար հանդիպելիս՝ իրենց պատկերացնում են Հայաստանում: Թերևս ֆիլմի հերոսի համար անհասկանալի է մնում այն, թե ինչու են հայերը հիմա նույնպես գաղթի ճանապարհը բռնում, օտար ափերում հաստատվում ապահով կյանք ունենալու, հայրենիքում տիրող դժվարություններից ազատվելու համար: Եվ չի ստանում այն հարցի պատասխանը, թե հայ մարդը ի՞նչ է անում հայրենիքի դժվար իրավիճակը բարելավելու, իր երկիրը շենացնելու համար: Ֆիլմը հուզիչ է, տոգորված հայրենասիրական պաթոսով:
2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge