Материалы

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվեց Թբիլիսիում

2025 թվականի հունիսի 22-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Տոնի առիթով Վիրահայոց թեմի եկեղեցիներում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Թեմակալ առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի հանդիսապետությամբ, Սուրբ Պատարագ մատուցեց արժ. Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցում պատարագիչն էր արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Թեմակալ առաջնորդը համայն հայության հոգևոր կենտրոնի հաստատման տոնի կապակցությամբ շնորհավորանքի և Սբ. Էջմիածնի օրհնությանն արժանանալու մաղթանքով դիմեց հավատացյալներին: Սրբազան հայրը  հիշատակեց Հայոց Մեծ Հայրապետ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի և Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տաճարի կառուցման պատմությունը: Ընդգծեց, որ հավատավոր հայ ժողովուրդը ուխտի ճանապարհով Մայր հայրենիքից և Սփյուռքից գնում է ստանալու  Էջմիածնի ոգեղեն լույսը, քանզի  Էջմիածին նյութեղեն տաճարը վկայությունն է  համայն հայության հոգևոր հավատքի:  

Օրը կրկնակի տոնական էր Հավլաբարի Սբ. Էջմիածին եկեղեցու համար: Վիրահայությունը  առանձնակի սիրով և հավատքով կապված լինելով Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի հետ, 1805 թվականին  Թբիլիսիի Հավլաբար թաղամասում կառուցում է համանուն  եկեղեցին:  Հընթացս տոնական Սուրբ Պատարագի  Պատարագիչ արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը իր քարոզ խոսքում շնորհավորեց  հավատացյալներին Թբիլիսիում Հավլաբարի  Սբ. Էջմիածին   եկեղեցու հիմնադրման 220-ամյակի կապակցությամբ, որը ցայսօր  շարունակում է  իր նվիրական ծառայությունը բերել վիրահայ  հավատավոր  ժողովրդին:

Սբ. Պատարագի ավարտին թբիլիսահայ արժանավոր հայորդիների աջակցությամբ Սբ. Էջմիածին եկեղեցու բակում կազմակերպվեց մատաղ-հյուրասիրություն, իսկ Հավլաբար  թաղամասում մինչև ուշ տարածվում էր հայ ազգային պարն ու երգը՝ ի նշան տոնական օրվա:

2

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2025 armenianchurch.ge