«Զենիթ» բենդի և «Հայոս բենդ» համույթի համերգն ու ավանդական պարերի վարպետաց դասը Հավլաբարում

Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու տոնացույցով, 2025 թվականի ապրիլի 27-ին Կրկնազատիկ էր:
Այդ օրը Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի օրհնությամբ, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը (տնօրեն՝ Եվգենյա Մարկոսյան) հյուրընկալեց ՀՀ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատվիրակությանը Ավագ դպրոցի տնօրեն Մարթա Ասատրյանի ղեկավարությամբ: Կրթամշակութային այս երկու օջախներին միմյանց կապում են տարիների համագործակցությունը և բազմիցս իրականացված նախագծերն ու համատեղ միջոցառումները:
Կրկնազատկի տոնը Հավլաբար թաղամասում նշվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Զենիթ» բենդի (ղեկավար՝ Արամ Սարգսյան), ավանդական պարի համույթի (պարուսուց՝ Համազասպ Ասլանյան), և «Հայարտուն» կենտրոնի «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթի (գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Ասատուրով) համատեղ համերգով և հայ ազգային պարի ուսուցման վարպետաց դասով, որին ընդգրկվեց նաև «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային համույթը (պարուսույց՝ Սուրեն Աբրամյան): Հավլաբարում հնչեց հայկական երգն ու երաժշտությունը, տարածվեց պարն ու շուրջպարը:
Տոնական օրվա ուրախ տրամադրությունը անտարբեր չթողեց ներկաներին, հայկական ավանդական շուրջպարին ընդգրկվել էին ահել ու ջահել, կին ու տղամարդ: Ուրախ երգի ու պարի համերգն ու վարպետաց դասը հիրավի դարձավ ազգային մշակույթի տարածման գեղեցիկ միջոցառում: