Материалы

Վիրահայոց թեմում Սրբոց Վարդանանց տոնը նշվեց Սբ. Պատարագով և Հայրապետական մաղթանքով

2024 թվականի փետրվարի 8-ին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս  Դավթյանի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ նվիրված Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակի օրվան: Օրվա Պատարագիչն էր արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Պատարագիչ քահանան և հոգևոր սպասավորները աղոթք բարձրացրին առաջնորդանիստ տաճարի Սրբոց Վարդանանց անունը կրող խորանում:

Հընթացս Սբ. Պատարագի Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսը հավուր պատշաճի քարոզ խոսեց հերոս զորավարների և նրանց զինակիցների մասին, ովքեր ազգովի պայքարի էին ելել հանուն հավատի և հայրենիքի: Սրբազան հայրը արժևորեց հայրենասիրության, հոգու արիության և հավատքին նվիրվածության առաքինությունները, որոնք մարմնավորում էին Մեծն Վարդան զորավարն ու նրա զինակիցները և հորդորեց հավատացյալներին հավատարիմ մնալ Սրբոց Ղևոնդյանց և Սրբոց Վարդանանց հիշատակին ու ժառանգությանը, հորդորեց ապրել հայրենիքը պաշտպանելու, ազգայինը պահելու, հավատքին հավատարիմ  մնալու գաղափարներով:

Վիրահայոց թեմի առաջնորդը իր քարոզում ընդգծեց, որ Սրբոց Վարդանանց տոնը նաև 44-օրյա արցախյան պատերազմի և հետո էլ շարունակվող հայրենիքի և Արցախի պաշտպանության համար ընկած հազարավոր զոհերի հիշատակի օրն է,  որոնք ընկան մայր հայրենիքը անսասան և Արցախը հայկական պահելու համար պայքարում և որոնց հիշատակը պահպանվում է ազգի ու ժողովրդի հոգում:

Սրբոց Վարդանանց տոնը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անվանակոչության օրն է: Այդ առիթով հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք: Միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության ու պայծառության և Վեհափառ Հայրապետի կենաց արևշատության ու արգասաբեր հովվապետության  աղերսով:

Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոսը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ, կոչ անելով նրանց լինել Վարդանանց  ազնիվ ու քաջ զավակներն ու հետևորդները:

Սրբոց Վարդանանց տոնը Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում:

2

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են