Материалы

Վիրահայոց թեմի Սբ.Մովսես Խորենացի նախակրթարանում Ամանորյա հանդես էր, Ձմեռ պապի հետ հանդիպման ուրախություն և նվերների բերկրանք

2023 թվականի դեկտեմբերի 22-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի Ամանորյա և Սուրբծննդյան տոնահանդեսը:

Դահլիճում հպարտորեն վեր էր խոյացել երեխաների ձեռքով պես-պես խաղալիքներով զարդարված տոնածառը: Իսկ կենտրոնում տեղեր էին զբաղեցրել սիրունատես փոքրիկները, որոնց համար ամանորյա այս հանդեսը նորություն էր և մեծ ուրախություն, հատկապես որ ուսուցիչների երևակայությամբ և ծնողների աջակցությամբ զուգված ու զարդարված էին անտառի բնակիչների,  հեքիաթների հերոսների տեսքով:

Ոգևորված փոքրիկները սպասում էին Ձմեռ պապին, որը անպայման գալու էր, բայց միայն իրենց լավ ելույթներից հետո: Նրանք շատ էին պարապել, լավ էին  պատրաստվել և ուզում էին, որ իրենց ուսուցիչները և դահլիճում ներկաները, և որ ամենակարևորն է, Ձմեռ պապը  անպայման գոհ մնան:

Երեխաների  ամանորյա հանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել  Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ:

2

Տոնահանդեսը ողջույնի խոսքով և Ամանորյա ու Սուրբծննդյան բարեմաղթանքով բացեց Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար  Եվգենյա Մարկոսյանը և ասպարեզը տրամադրեց երեխաներին: Նրանք արտասանեցին, երգեցին ու պարեցին, ցուցադրելով Նոր տարվան և Սուրբ Ծննդին նվիրված այն ամենը, ինչը սովորեցրել էին հարգելի ուսուցիչներ Աիդա Բազոյանը, Տաթևիկ Սահակյանը և Նանե Օգանեսյանը:

 Փոքրիկները ներկայացրին  Բուրատինոյի հեքիաթներից, որը Եվգենյա Մարկոսյանը վարպետորեն  հարմարեցրել էր ձմռան եղանակին, ամանորյա տոնահանդեսին  և երեխաների ցանկություններին ու սպասումներին:

Իսկական հեքիաթային աշխարհ  էր ստեղծվել դահլիճում: Իսկ  երեխաները դարձել էին  գեղեցիկ ձևավորված թատրոնի փոքրիկ  դերասաններ, ներկայացնելով անտառ, ծառեր, հեքիաթի հերոսներին՝ չարաճճի Բուրատինոյին, Մարիշկային,Արլեկինոյին,  Կարաբաս-Բարաբասին և մյուսներին:  Գրավիչ էին երեխաների շարժումները,  հերոսներին բնութագրող հագուստը, խոսքը և խաղը:

Եվ վերջապես եկավ Ձմեռ պապը՝ նվերների ծանր  տոպրակով:  Գովասանքի խոսքեր ուղղելով  նախակրթարանի սաներին՝ խելոք լինելու, լավ սովորելու, տոնահանդեսին գեղեցիկ ելույթ ունենալու համար, Ձմեռ պապը բոլորին բաժանեց  Ամանորյա նվերներ՝ շնորհավորանքի և ցանկությունների  մաղթանքներով: Ամեն անգամ նորովի ճանապարհելով  անցնող տարին՝  Վիրահայոց թեմի  Սբ. Մովսես Խորենացի նախակրթարանի տոնահանդեսը այս տարի ևս տպավորիչ էր և հիշարժան:

3

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են