Материалы

Ղափամայի տոն՝ Վիրահայոց թեմում

2023 թվականի դեկտեմբերի 17-ին Վիրահայոց թեմում նշվեց ավանդական Ղափամայի տոնը: Տարիներ շարունակ դդմին նվիրված այս գեղեցիկ միջոցառումը Թբիլիսիում իրականացվում է Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի հովանավորությամբ և «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:  

Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել թբիլիսահայ կանայք,  «Հովհ. Թումանյանի տուն» գիտամշակութային  կենտրոնը, «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, Հ.Մ.Ը.Մ. Թիֆլիսի մասնաճյուղի խումբը:  Հայկական ազգային կերակրատեսակի ժողովրդականացմանը միտված գեղեցիկ տոնակատարությունը նվիրվեց ձմեռնամուտին և ազգային խոհանոցի, ավանդույթների ու սովորությունների պահպանմանը:

1

Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս  եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ կիրակնօրյա Սուրբ Պատարագ մատուցեց արժ. Տեր Սամվել քահանա Թորոսյանը:

Հավարտ Սբ. Պատարագի  հավատացյալներին «Հայարտուն» կենտրոնում սպասում էին շոգեխաշած ու խորոված դդումներով, խմորեղենով, մուրաբաներով, տաք թեյով ու սուրճով հյուրասիրությունը և  իհարկե, արքայական ղափամա դդումն իր տարբեր ձևավորումներով ու զարդանախշերով:

1

Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը, բացելով միջոցառումը արձանագրեց, որ միջոցառումը ներդաշնակվել է  հայ կանանց կտավների, ասեղնագործությունների, ձեռքի աշխատանքների ցուցադրությանը, որին ակտիվորեն մասնակցում են «Շուշանիկ» միության անդամները,  նաև Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլի  Շուլավեր-Շահումյան» ավանում գործող ձեռքի աշխատանքների  դասընթացների (ղեկավար՝ Մարինա Ցիկարիշվիլի)  սաները:

Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը ողջունելով  հավաքվածներին,  իր խոսքում անդրադարձ կատարեց ղափամա  կերակրատեսակի խորհրդին, հորդորեց  ներկաներին ակտիվորեն մասնակցել եկեղեցական արարողություններին, թեմական միջոցառումներին,  որոնք նպաստում են  ազգային ավանդույթների ու  սովորությունների ոգով սերունդների դաստիարակությանը:  

Հանդիսությունն ընթացավ Գալուստ Գյուլբենկյան  դահլիճում «Ղափամա» երգի մեղեդու ուղեկցությամբ՝ ներկաներին հրավիրելով հյուրասիրության:

1

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են