Материалы

Վիրահայոց թեմի առաջնորդի եպիսկոպոսական անդրանիկ Սբ. Պատարագը Թբիլիսիում

2023 թվականի հոկտեմբեր 15-ին, Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ   եկեղեցում եպիսկոպոսական անդրանիկ Սբ. Պատարագը մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ նորաօծ Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը:

Սբ. Պատարագի առընթերականն էր  Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ  Հմայակյանը:

Սբ. Պատարագին ներկա էին հասարակական կառույցների ղեկավարներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, բազում հավատացյալներ:

Հընթացս Սրբազան արարողության Գերաշնորհ Տեր Կիրակոս եպիսկոպոսը  հավուր պատշաճի  քարոզ խոսեց եպիսկոպոսական աստիճանով իր առաջին Սբ. Պատարագի մասին: Վերջինս   իր քարոզ խոսքը սկսեց Եկեղեցու ծառայությանը նվիրած յուրաքանչյուր կուսակրոն  հոգևորականի երանելի բաղձանքի, եպիսկոպոսական աստիճանով Սբ. Պատարագ մատուցելու  երջանկության մասին, որը, սակայն, իր պարագայում շղարշվեց Արցախից բռնի տեղահանվածների ծանր կացությամբ, Մայր Հայրենիքում տիրող դժվար օրերով:

387878068 727452456092603 2473341658773481243 N

Թեմակալ առաջնորդը, անդրադարձ կատարելով Արցախի ժողովրդի բռնի տեղահանությանը, տունուտեղ կորցրած մարդկանց անորոշ կյանքին, դժվար իրավիճակին, Հայաստանին ու հայ ժողովրդին պատուսած մարտահրավերին, ներկաներին հիշեցրեց ազգի միասնության բացակայության, Աստծուց կտրվելու և հավատքից հեռանալու մասին,  հորդորեց  լինել համախմբված,  ապրել միասնության  գաղափարով, աղոթքով  և հույսով ու հաղթանակների ակնկալիքով: Պատարագիչ եպիսկոպոսը  հույս հատնեց, որ  Աստվածապաշտ  հայ ժողովուրդը, տնավեր ու ամեն ինչ կորցրած արցախահայությունը իր միակամությամբ ու  միասնությամբ, առ Աստված ունեցած մեծ հավատքով կգտնի այն զորեղ ուժը, որը հաղթանակներ ու վերածնունդ բերող է:

Թբիլիսահայ հավատացյալները ստացան հաղորդություն նորաօծ եպիսկոպոսի ձեռամբ:

Հավարտ Սբ. Պատարագի, Սբ. Գևորգ  առաջնորդանիստ եկեղեցու բակում ավանդական թեյախմությանը տոնական շունչ հաղորդեց Եկեղեցու նվիրյալ հավատացյալ Ալիկ Ութմազյանի  ընտանիքի կողմից  ներկաներին տորթով հյուրասիրությունը:

Ուրախալի օրը ոգեշունչ էր, շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով  հագեցած:

3878760

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են