Материалы

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄՈՒՄ

2023 թվականի ապրիլի 9-ին, Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնը Վիրահայոց թեմում նշվեց հավատացյալ բազմության մասնակցությամբ և Հայոց Եկեղեցու կանոններով:

Հավատացյալներով լեփ-լեցուն էին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիները, բակը և մերձակա տարածքը: Հավատացյալները գալիս էին ընտանիքներով, օրվա առթիվ  զատկական ներկած ձվերով, քաղցրավենիքով և մոմերով  զարդարված զամբյուղներով: Պատարագին ներկա էին համայնքային պաշտոնյաներ, կրթության և մշակույթի գործիչներ, բազում հայորդիներ:

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում  Սուրբ Հարության տոնին մատուցվող Սուրբ Պատարագին ներկա էին Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, գործակալության աշխատակիցները, Վրաստանի ժողովրդական պաշտպանի՝ Հանդուրժողկանության դեպարտամենտի ներկայացուցիչ Իզաբելլա Օսիպովան :

Տոնական օրը սկսվեց եկեղեցիներում ժամերգության և Անդաստանի արարողություններով:  Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակցությամբ Սուրբ Պատարագ մատուցեց թեմակալ  առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի Պատարագիչ Հայր Սուրբը  ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի զատկական պատգամը:

3404701

Թեմակալ առաջնորդը Սբ. Զատիկի օրվա խորհրդի մասին քարոզում ասաց, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է: Հայր Սուրբը մաղթեց, որ բարու հաղթանակը լույս բերի Հայաստան և Վրաստան աշխարհներին, խաղաղություն հաստատվի Ուկրաինայում և պատերազմական արհավիրքներից հեռու պահի  երկրներն ու ժողովուրդներին: Պատարագիչ Հայր Սուրբը շնորհավորանքի խոսքեր ուղղեց նաև Վրաստանի քրիստոնյա ժողովրդին՝ ով այսօր նշում էր Ծաղկազարդի տոնը:

Եկեղեցու բակում  տեղի ունեցավ տոնական հյուրասիրություն, հավատացյալները բարձր տրամադրությամբ շնորհավորում էին միմյանց Քրիստոսի հրաշափառ հարության կապակցությամբ և աղերսում խաղաղություն աշխարհին և առողջություն բոլորին:

Հիսուս Քրիստոսի Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի՝ Բաթումիի, Ռուսթավի, Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում  գործող հայոց եկեղեցիներում և հոգևոր կենտրոններում: Ամենուրեք հայ հավատացյալներին զատկական տոնի կապակցությամբ շնորհավորելու էին եկել պաշտոնյաներ, տարբեր ազգի հավատացյալներ:  

Երկուշաբթի օրը, եկեղեցիներում մատուցվող Սբ. Պատարագից հետո ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ կկատարվի հոգեհանգստյան կարգ:

3394109

3394131

339408

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են