Материалы

Տեառնընդառաջի խարույկը վառվեց Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում

2022 թվականի փետրվարի 13-ին, երեկոյան ժամերգությունից հետո մեկնարկեց  Տեառնընդառաջի նախատոնակը, որը բովանդակում է Մարիամ Աստվածածնի կողմից 40-օրյա Հիսուսին Տաճարին ընծայելու խորհուրդը: Տյառնընդառաջը (Տրնդեզը) ժողովրդի սիրած տոներից է, որը  նշում են նորապսակ զավակներ ունեցող ընտանիքներում:  

Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայտարարվել է նորապսակների օրհնության օր: Եկեղեցիներում էին այն ամուսնական զույգերը, որոնք Սուրբ տաճարներում պսակադրվել էին անցած մեկ տարվա ընթացքում: Հոգևոր հայրերը օրհնելով զույգերի ամուսնությունը՝ մաղթեցին  նրանց երկար տարիների համատեղ երջանիկ և խաղաղ ընտանեկան կյանք՝ շրջապատված բազում զավակներով և հարազատներով:

273501146 4920222604761179 495100934027410531 N

Վիրահայոց թեմում մեծ շուքով և հանդիսավորությամբ նշվեց Տեառնընդառաջի նախատոնակը:  Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հանդիսապետությամբ և հոգևոր դասի մասնակցությամբ, ժամերգության ընթացքում ներկաները ունկնդիրը եղան տոնի խորհրդին, որից հետո կատարվեց Անդաստանի արարողություն, օրհնվեցին աշխարհի չորս ծագերը և մոմերը, իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Տեառնընդառաջի ժողովրդական ավանդույթից պահպանվել է խարույկավառությունը: Հավարտ երեկոյան ժամերգության, Սուրբ Սեղանի կանթեղից վառած մոմով, թեմակալ առաջնորդի ձեռամբ բակում  բոցկլտած տրընդեզյան խարույկը, որը բազմապատկեց  ներկաների տոնական տրամադրությունը:

Կարևորելով մայր հայրենիքից դուրս ազգ ներկայանալու, ազգային և եկեղեցական ավանդույթները պահպանելու և սերունդներին փոխանցելու կարգը, և նաև Ժողովրդի կողմից սիրված տոնը ուրախ դարձնելու համար, թեմակալ առաջնորդի օրհնությամբ, համերգային ճոխ ծրագիր էր պատրաստել թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնը՝ ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և մշակույթի բաժնի պատասխանատու Սուրեն Աբրամյանի գլխավորությամբ: Համերգային ծրագրում ընդգրկվել էին կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարի Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան) դուդուկի և դհոլի խմբակները (ուսուցիչներ՝ Իվանե Մկրտչյան, Սերգո Մալխասյան), «Տարոն» ազգագրական պարի համույթը (պարուսույց՝ Սուրեն Աբրամյան), «Հայոս բենդ» վոկալ-գործիքային համույթը (ղեկավար՝ Վլադիմիր Ասատուրով), մենակատարներ Աիդա Բազոյանը, Մարիաննա Ներսեսովան, Արման Պապիկյանը, Էդվին  Հախոյանը, Սոֆյա Օգանեզյան, հնչյունային օպերատոր Սերգեյ Արութունյանը: Համերգին իր մասնակցությունն էր բերել «Ջեյրան» պարային համույթը գեղարվեստական ղեկավար և պարուսույց Սվետլանա Երիցյանի ղեկավարությամբ:

273548705 4920223661427740 5774420045182517244 N

Համերգի վարող Եվգենյա Մարկոսյանի հայտարարությամբ իրար հաջորդեցին ուրախ երգն ու պարը, հանդիսատեսի շուրջպարը և խարույկի վրայով թռչելու ոգևորությունը: 

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի  Սբ.Էջմիածին եկեղեցիների հոգևոր ծառայողների և եկեղեցիների խաչի կնքահայրեր Արտակ Ավետիսյանի և Սամվել  Պողոսյանի աջակցությամբ կազմակերպվեց հյուրասիրություն: Տոնակատարության ուրախ տրամադրությանը համահունչ  հիասքանչ ավարտ դարձավ գեղեցիկ հրավառությունը:

Փետրվարի 14-ին Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, տրվեց Տեառնընդառաջի տոնի Սուրբ Պատարագ: Տերունի տոնը մեծ շուքով նշվեց Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Բաթումի և Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում:

273601869 4920223598094413 2711464384403638590 N

274077008 4920223398094433 7855650240304099369 N

273846933 4920223821427724 7805649497622907127 N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են