Материалы

Հոգեհանգստյան արարողություն նահատակ քաջորդիների համար

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 20-ին հայաստանյան եկեղեցիներում Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց հոգեհանգստյան արարողություն՝ արցախյան պատերազմում նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։

Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում նույնպես տարածվեց «Տեր ողորմյան» և վառվեցին հիշատակի մոմեր: Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի նախագահությամբ, հոգևորականաց ու սարկավագաց դասի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն:

Հավարտ արարողության, հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետը երախտիքի խոսքեր ուղղեց այն հազարավոր զինվորների, սպաների, հրամանատարների հիշատակին, ովքեր անհավասար մարտերում գիտակցաբար զոհվեցին հայրենիքի պաշտպանության համար: Հայր Սուրբը արժևորեց մայր հայրենիքի համար ծանր ու դաժան օրերին աշխարհասփյուռ հայության դերը, համայն համախմբվածությամբ Արցախին և Հայաստանին ցուցաբերած համընդհանուր օժանդակությունը:

Հոգեշնորհ Հայր Սուրբը վիրահայությանը հորդորեց շարունակել օգնությունը և համեստ նվիրատվություններով ու ամենամսյա վճարումներով ընդգրկվել զինվորի երկարատև ապահովագրությանը նպատակաուղղված հիմնադրամի գործունեությանը, այն ընտանիքների գոյության սատարմանը, որոնք կորցրել են որդի, ամուսին, հայր, վիրավորված, հաշմանդամ դարձած այն հայորդիներին ցուցաբերվող օժանդակությանը, որոնց այժմ երկարատև բուժում է անհրաժեշտ:

Թեմակալ առաջնորդն իր խոսքն ավարտեց աշխարհին խաղաղության և ժողովուրդներին առողջության մաղթանքով:

Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում կատարվեց հոգեհանգստյան պաշտոն Արցախում և մայր հայրենիքի սահմանների պաշտպանության համար նահատակ զինվորների հիշատակին:

Սբ. Գևորգ

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են