Վրաստանում մեկնարկեց նոր ուսումնական տարին
            2019 թվականի սեպտեմբերի 16-ին Վրաստանում մեկնարկեց նոր՝ 2019-20 ուսումնական տարին: Ուսումնառության սկիզբն ազդարարող դպրոցական զանգը հանդիսավոր պայմաններում հնչեց նաև Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներում: Քաղաքամայր Թբիլիսիում հայ դպրոցականների առջև դռները բացեցին թիվ 104 դպրոցը, թիվ 103 և թիվ 132 դպրոցների հայկական բաժինները:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ թիվ 104 դպրոց էին եկել հասարակական կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, դպրոցի նախկին ուսուցիչներ ու շրջանավարտներ:
Հանդիսությունն իր ներկայությամբ պատվել էր Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը:
Վրաստանի և ՀՀ պետական օրհներգներից հետո, բարձրացվեց Վրաստանի պետական դրոշը և հնչեց դպրոցի հիմնը: Դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը շնորհավորեց բոլորին նոր ուսումնական տարվա առիթով և մաղթեց հաջողություններ:
Առաջնորդական տեղապահ հգշ.  Հայր Կիրակոսը  շնորհավորեց ներկաներին, ընդգծեց, որ  20 տարի առաջ ինքը նույնպես ավարտել է այս կրթօջախը և երախտագիտությամբ ու հպարտությամբ է նշում, որ եղել է թիվ 104 դպրոցի սան: Տեր Կիրակոս վարդապետը ոգեկոչեց դպրոցականներին՝ լավ սովորել, եռանդով հաղթահարել ուսման դժվարությունները, քանզի միայն կրթությունն է ամենամեծ հարստությունը և լավ ապագայի գրավականը:
Հյուրերը շնորհավորեցին աշակերտներին և ուսուցիչներին: Առաջին զանգը խորհրդանշորեն հնչեցրեց այս տարվա առաջինդասարանցին և աշակերտները փոխադրվեցին իրենց դասասենյակները:
Վիրահայոց թեմի պատվիրակությունը  հգշ. Տեր Կիրակոս վարդապետի   գլխավորությամբ այցելեց նաև  թիվ 103 հայ-վրացական դպրոց:  Առաջնորդական տեղապահը  զրույց ունեցավ դպրոցի տնօրեն Արչիլ Չխաիձեի հետ: Վերջինս ընդգծեց,  որ  դպրոցի հայկական բաժնի սաները առանձնապես աչքի են ընկնում իրենց  առաջադիմությամբ և նշեց, որ  անցյալ ուսումնական տարում լավագույն աշակերտուհի է ճանաչվել հայկական բաժնի 11-րդ դասարանի աշակերտուհի  Լիաննա Էլիբեկյանը, իսկ վրացերեն լեզվից օլիմպիադայի հաղթողներ են հանդիսանում նույն  դասարանի աշակերտուհիներ Ժանետա Բաղդասարյանը և Արմինե Աղեկյանը:
Առաջնորդական տեղապահը դպրոցի տնօրենի ընկերակցությամբ շնորհավորեց առաջին դասարանցիներին, դիտեց դպրոցում գործող գրականության կաբինետը:
Նոր ուսումնական տարին կազմ ու պատրաստ սկսեցին Սամցխե Ջավախքի, Քվեմի Քարթլիի տարածաշրջանների հայկական կրթօջախները:
 Հայերեն						
 ქართული						
 English						
 Русский						

