Материалы

Թբիլիսահայությունը նշեց Հովհաննես Թումանյանի ծննդյան 155-րդ տարեդարձը

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Ժողովրդական բանաստեղծի 155-րդ տարեդարձի տոնակատարությունը Թբիլիսիում իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի օրհնությամբ և աջակցությամբ: Տոնակատարությունը մեկնարկեց փետրվարի 18-ին Վիրահայոց թեմի «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում Թումանյանի  «Բարեկենդանը» ներկայացմամբ, որը ցուցադրեց ՀՀ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի (տնօրեն՝ Կամո Նաղդալյան)  գեղարվեստական խումբը՝ ռեժիսոր Կարեն Խաչատրյանի բեմադրությամբ:

Ամենայն հայոց բանաստեղծի տարեդարձի օրը նշանավորվեց  Վիրահայոց թեմում ընդունված կարգի համաձայն: Տոնակատարությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոն այցելությամբ, որտեղ հուղարկավորված է Մեծ բանաստեղծը:  Ներկաները ծաղիկներով զարդարեցին Հովհաննես Թումանյանի տապանաքարը, նաև ազգի մյուս արժանավոր զավակների շիրիմները: Վիրահայոց թեմի Սամցխե Ջավախքի և Ծալկայի առաջնորդական փոխանորդ Հգշ. Տեր Նշան վարդապետ Հմայակյանի և արժ. Տեր Հովսեփ քահանա Հարությունյանի մասնակցությամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ Հովհ. Թումանյանի և այնտեղ հանգչող մեծաց մեծերի հոգու խաղաղության համար:  

2

Մեծ Լոռեցու ծննդյան օրվա տոնակատարությունը շարունակվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնում: Տերունական աղոթքից, էքսկուրսավար Գոհար Մազմանյանի ողջույնից հետո կենտրոնի հոգևոր տեսուչ արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի հայրական օրհնությունը և բարեմաղթանքը: Հոգևոր հայրն իր բանախոսությամբ թերթեց Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի և ժողովրդական մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի բարեկամական հարաբերությունների էջերը, որոնք լի էին ազգի խնդիրների մասին քննարկումներով, հայրենիքի և նրա ժողովրդի մասին մտորումներով:

Տպավորիչ էր Հովհաննես Թումանյանի նախկին բնակարանում, բանաստեղծի ծննդյան օրը, թբիլիսահայ բանաստեղծուհի, Հայաստանի գրողների միության անդամ  Ռուզան Հովասափյանի «Հարություն» ժողովածուի շնորհանդեսը: Հեղինակի կողմից բանաստեղծական  տողերի ընթերցումից հետո, առավել հուզիչ էր Ռուզան Հովասափյանի ուսուցչուհու՝ Թամար Ամիրխանյանի գնահատանքի խոսքը, ով եղել է  ստեղծագործող սանի բանաստեղծական թոթովանքների առաջին ունկնդրողը, ոգեշնչողը և ուղղորդողը: Իսկ աշակերտուհու  գրիչը հիրավի  բանաստեղծական է, սրտի թրթիռով արտահայտված հայրենիքին, լեզվին, սիրո  հույզերին ու զգացմունքներին ուղղված սրտի խոսք:  

3

Բանաստեղծ-թարգմանիչ Լևան Ցալուղելաշվիլու թարգմանությամբ հնչեցին Հովասափյանի բանաստեղծությունների թարգմանությունները վրացերեն: Գեղեցիկ միջոցառման մասին իրենց տպավորություններով կիսվեցին  «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը և թեմի լրատվական բաժնի պատասխանատու Սուսաննա Խաչատրյանը, բարձր գնահատելով  «Հովհ. Թումանյանի տուն» և «Հայարտուն» կենտրոնների կազմակերպած միջոցառումը:

  Երեկոն ասմունքով, երգով և նվագով  համեմեցին «Հայարտուն» կենտրոնի մենակատարները, դուդուկի խմբի սաները Իվանե Մկրտչյանի գլխավորությամբ, դաշնակահար Եսայի Աբովյանը

Տարիներ առաջ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի  կողմից հայտարարվեց «Գիրք նվիրելու օր», որը վաղամեռիկ բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանի կողմից հաստատվեց նաև Թբիլիսիում: Հավատարիմ այս գործողությանը, ներկաները միմյանց նվիրեցին տարբեր գրքեր:

Ոչ միայն տոնական, այլև ճանաչողական, հուզական, բանաստեղծական շնչով հագեցած միջոցառումը հարիր էր  Հայոց ժողովրդական բանաստեղծի 155-րդ տարեդարձի նշանավորմանը:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են