Материалы

Թբիլիսիոիմ նշեցին Հովհաննես Թումանյանի 154-րդ տարեդարձը

Փետրվարի 19-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Բուն Բարեկենդանի տոնը: Սբ. Պատարագն ընթացավ Սուրբ խորանի փակ վարագույրով: Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, շնորհավորելով ներկաներին Բուն Բարեկենդանի տոնի կապակցությամբ, նաև հորդորեց հոգեպես պատրաստված բռնել հաջորդ օրվանից մեկնարկող Մեծ Պահքի ճանապարհը, որպեսզի աղոթքով ու մաքուր հոգով արժանանանք Սուրբ Հարության տոնին:

Փետրվարի 19-ը նաև հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը ամեն տարի Թբիլիսիում նշվում է տարբեր միջոցառումներով:Մեծն լոռեցու 154-րդ տարեդարձի տոնակատարությունը մեկնարկեց բանաստեղծի թբիլիսյան հարկի տակ, որտեղ նա ապրել ու արարել է՝ դառնալով հայ և վրացի ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ, երկու երկրների գրականությունները կապող կամրջի հիմնադիրը:

33215184

Օրվա հյուրն էր Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Կարինե Դավթյանի գլխավորությամբ: Ներկա էին  Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը և Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պ-ն Աշոտ Սմբատյանը, հյուրեր Երևանից և Թբիլիսիից:

Դեսպան Սմբատյանն իր խոսքում անդրադարձ կատարելով համաշխարհային գրականությունում Թումանյանի ունեցած դերին և ճանաչելիությանը, կարևորեց աշխարհի տարբեր երկրներում դիվանագիտական գործունեության ընթացքում թարգմանությունների  և հրատարակությունների միջոցով ինչպես Թումանյանի ստեղծագործական գոհարները, այնպես էլ հայ գրականությունն ու մշակույթը տեղի հասարակությանը հասանելի դարձնելու նշանակությունը:

Թումանյանի ծոռնուհին՝ Ալյոնա Կոլեսնիկովան պապիկի տարեդարձի օրը տուն- կենտրոնին նվիրեց ընտանեկան ալբոմը, որտեղ պահվում էին Հովհաննես Թումանյանի նամակները՝ ուղղված Սեդա դստերը և  «Պողոս Պետրոս» բալլադը: 

3320543

Իրենց ելույթներում կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը և պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը գնահատանքի խոսքեր ուղղեցին գիտակրթամշակութային կենտրոնի գործունեությանը, առաջարկելով համագործակցության նորանոր եզրեր: Հովհ. Թումանյանի նախկին աշխատասենյակում կատարվեց Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի և Երևանի պետական համալսարանի ռեկտոր պ-ն Հովհաննես Հովհաննիսյանի միջև համագործակության հուշագրի ստորագրման արարողություն, վերջինիս բացակայության պատճառով նրան ներկայացնում էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը։ Հյուրերը հայագիտական գրքեր փոխանցեցին կառույցների ներկայացուցիչներին:

Տոնական օրը «Հովհ. Թումանյանի տուն» կենտրոնում ավարտվեց ավանդական թեյախմությամբ:

Թբիլիսյան միջոցառումները շարունակվեցին հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում, որտեղ հանգչում է Մեծն բանաստեղծը: Հոգեհանգստի կարգից հետո, ելույթ ունեցավ Վրաստանում ՀՀ դեսպանը, ով  նույնպես դատարկաձեռն չէր եկել՝ բերելով Գերմանիայում հայերեն և գերմաներեն հրատարակված Թումանյանի ստեղծագործությունները: Թումանյանական օրը գեղեցկացավ երեխաների ասմունքով:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Թումանյանի շիրիմին, իսկ օրն ավարտվեց երջանկահիշատակ Լևոն Անանանյանի կողմից նախաձեռնած և երջանկահիշատակ Անահիտ Բոստանջյանի կողմից Վրաստանում արմատավորված գրքեր նվիրելու ավանդույթով, որը շարունակում են  բանաստեղծուհու դուստրերը՝  Մարինե  և Գայանե Բոստանջյան քույրերը:

332109287

Թումանյանի տարեդարձին նվիրված միջոցառումները շարունակվեցին թեմի «Հայարտուն» կենտրոնում Երևանի պետական համալսարանի «Շառլ Ազնավուր» կենտրոնի  և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Այստեղներկու կենտրոնների գեղարվեստական խմբերի ուժերով տրվեց համատեղ համերգ: Այն ավարտվեց Երևանի պետական համալսարանի «Շառլ Ազնավուր» մշակույթի կենտրոնի և «Հայարտուն» կենտրոնի երգչախմբերի կողմից «Հայրենիք» երգի համատեղ կատարմամբ: Տոնական օրն ամփոփեց և իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայոց եկեղեցիների հոգևոր հովիվ հգշ. Տեր Զավեն վրդ. Յազիչյանը: Վերջինս փոխանցեց թեմակալ առաջնորդի օրհնությունը, շնորհավորեց Բուն Բարեկենդանի տոնի և Հայոց մեծ բանաստեղծի ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Երկու կենտրոնների ղեկավարներ Կարինե Դավթյանը և Եվգենյա Մարկոսյանը որոշեցին  «Հայրենիք» երգը  հայտարարել իրենց համագործակցության օրհներգ:

332147640N

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են