Материалы

Աստվածաշունչն այսօր

Նոյեմբերի 7 Բշ. ԳՁ. Սրբոցն Մելիտոսի Անտիոքայ հայրապետին, Մինասայ Եգիպտացւոյն, միւս Մելիտոսի եպիսկոպոսին, Բուրայ քահանային եւ Շինու սարկաւագին

Իմաստութիւն Սողոմոնի 4.7-15։ Եսայի 12.1-6։ Ա Յովհաննէս 5.1-6։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 9.23-27։

Իմաստութիւն Սողոմոնի

7իսկ արդարը, եթէ ժամանակից շուտ էլ վախճանուի, հանգիստ կը գտնի։ 8Պատուաբեր ծերութիւնը ո՛չ երկարակեցութեամբ է չափւում եւ ո՛չ էլ ապրած տարիների թուով, 9այլ մարդու համար իմաստութի՛ւնն է նրա ալեհերութիւնը, եւ անարատ կեա՛նքն է նրա ծերութեան հասակը։ 10Կար մի արդար մարդ, որ հաճելի եղաւ Աստծուն, Աստուած սիրեց նրան, եւ նրան՝ իր կենդանութեան ժամանակ՝ մեղաւորների միջից փոխադրեց երկինք։ 11Նա յափշտակուեց, որպէսզի չարութիւնը չայլափոխի նրա իմաստութիւնը, կամ նենգութիւնը չխաբի նրա հոգին։ 12Անզգամութեան չար նախանձը շեղում է բարուց, եւ ցանկասիրութեան կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը։ 13Այդ արդարը կատարելութեան հասաւ կարճ ժամանակում, եւ որովհետեւ նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մէջ։ 14Իսկ մարդիկ տեսան դա եւ չհասկացան,ոչ էլ նոյնիսկ մտածեցին, 15թէ Աստծու արդարութիւնը իր սրբերի վրայ է, եւ նրա ձեռքն անպակաս է իր ընտրեալների վրայից։

Եսայի

12 Այն օրը պիտի ասես. «Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ բարկացար ինձ վրայ, բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ։ 2Ահա Աստուածն իմ եւ փրկիչ Տէրն իմ. ես յոյսս դրեցի նրա վրայ եւ երկիւղ չեմ կրելու, քանզի Տէրն իմ փառքն է ու իմ օրհնութիւնը, եւ փրկութիւն եղաւ ինձ համար»։ 3Ուրախութեան ջո՛ւր առէք փրկութեան աղբիւրներից։ 4Եւ այն օրը պիտի ասես. «Օրհներգեցէ՛ք Տիրոջը, հնչեցրէ՛ք նրա անունը, նրա փառքը տարածեցէ՛ք հեթանոսների մէջ, յիշեցէ՛ք, որ բարձր է նրա անունը։ 5Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, պատմեցէ՛ք այդ մասին արար աշխարհում։ 6Ցնծացէ՛ք եւ ուրա՛խ եղէք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայէլի սուրբը վեր բարձրացաւ նրա մէջ»։

Ա Յովհաննէս

5 Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ տուողին, սիրում է նաեւ նրանից ծնուածին։ 2Սրանո՛վ ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները. 3քանզի ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները։ 4Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը։ 5Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին։ 6Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

23Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. 24որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ 25Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. 26որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։ 27Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։

Հոկտեմբերի 22 Շբ. ԳՁ. Սրբոց երկոտասանից վարդապետացն` Ռեթէոսի, Դիոնէսիոսի, Սեղբեստրոսի, Աթանասի, Կիւրղի Երուսաղէմացւոյն, Եփրեմի Խուրին Ասորւոյ, Բարսղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւսացւոյն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ոսկեբերանին եւ Կիւ

Առակներ 11.2-11։ Եսայի 61.3-7։ Եբրայեցիներ 13.7-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ 16.33-17.8։

Կարդալ ավելին

Հոկտեմբերի 21 Ուր. ԲԿ. Պահք

Գաղատացիներ 5.2-15։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 5.17-26։

Գաղատացիներ

2Ահա՛ւասիկ ես՝ Պօղոսը, ձեզ ասում եմ, որ, եթէ թլփատուէք, Քրիստոս ձեզ ոչնչով չի օգնի։ 3Վկայում եմ թլփատուող ամէն մարդու, որ պարտաւոր է ամբողջ օրէնքը կատարել։ 4Դուք, որ օրէնքով էք արդարանում, Քրիստոսից կտրուած էք, շնորհից ընկած. 5որովհետեւ մենք Հոգու միջոցով հաւատից ենք սպասում արդարութեան յոյսը. 6քանի որ նա, ով միացած է Քրիստոս Յիսուսին, ո՛չ թլփատուած լինելը արժէք ունի եւ ո՛չ անթլփատ լինելը, այլ՝ հաւատը, որ սիրով է գործում։ 7Լաւ էր ձեր ընթացքը, ո՞վ ձեզ կասեցրեց, որ չհնազանդուէք ճշմարտութեանը։ 8Այս թելադրանքը նրանից չէ, ով ձեզ կանչում է։ 9Մի փոքր թթխմոր խմորում է ամբողջ զանգուածը։ 10Իսկ ես վստահ եմ ձեր վրայ Տիրոջով, թէ ուրիշ կերպ չէք խորհում. եւ ով ձեր միտքը խռովում է, դատաստան կը կրի՝ ո՛վ էլ լինի։ 11Իսկ ես, եղբայրնե՛ր, եթէ թլփատութիւն էի քարոզում, ինչո՞ւ եմ դեռ հալածւում։ Ապա ուրեմն խաչի գայթակղութիւնը խափանուած է։ 12Երանի՜ թէ արմատախիլ լինէին նրանք, որ ձեր միտքը խռովում են։ 13Եղբայրնե՛ր, դուք կոչուած էք ազատութեան. միայն թէ ձեր ազատութիւնը սոսկ մարմնի ցանկութիւնների համար չլինի, այլ սիրո՛վ ծառայեցէք միմեանց. 14որովհետեւ ամբողջ օրէնքը այս մէկ խօսքի մէջ է ամփոփւում. «Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս՝ ինքդ քեզ»։ 15Իսկ եթէ միմեանց խածոտէք եւ յօշոտէք, զգո՛յշ եղէք, գուցէ թէ միմեանց ոչնչացնէք։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

17Մի օր ինքն ուսուցանում էր, իսկ փարիսեցիներն ու օրէնքի վարդապետները, որոնք հաւաքուել էին Գալիլիայի եւ Հրէաստանի բոլոր քաղաքներից ու Երուսաղէմից, նստած էին. եւ Տիրոջ զօրութիւնը նրա հետ էր ու նրա միջոցով բժշկում էր։ 18Եւ ահա մարդիկ մահիճով մի մարդ բերեցին, որ անդամալոյծ էր, եւ ուզում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ։ 19Եւ երբ ամբոխի պատճառով նրան ներս մտցնելու միջոց չգտան, բարձրացան տանիք եւ կտուրի բացուածքից նրան վար կախեցին ու մահիճով հանդերձ իջեցրին մէջտեղ, Յիսուսի առաջ։ 20Տեսնելով նրանց հաւատը՝ Յիսուս ասաց նրան. «Ո՛վ մարդ, թող քո մեղքերը քեզ ներուեն»։ 21Օրէնսգէտներն ու փարիսեցիները սկսեցին խորհել եւ ասացին. «Ո՞վ է սա, որ հայհոյանքներ է ասում. ո՞վ կարող է ներել մեղքերը, եթէ ոչ՝ Աստուած միայն»։ 22Յիսուս, գիտենալով նրանց մտածումները, պատասխանեց նրանց եւ ասաց. «Ի՞նչ էք մտմտում ձեր սրտերում. 23ո՞րն է աւելի հեշտ, ասել՝ քեզ ներուած լինեն քո մեղքե՞րը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր։ 24Բայց որպէսզի իմանաք, թէ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու (ասաց անդամալոյծին)՝ քե՛զ եմ ասում, վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ 25Եւ իսկոյն բոլորի առաջ վեր կենալով՝ իր վրայ առաւ այն, ինչի վրայ ինքը պառկել էր, գնաց իր տունը եւ փառաւորում էր Աստծուն։ 26Բոլորին զարմանք պատեց, եւ փառաւորում էին Աստծուն։ Ահով լցուեցին եւ ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»։

Հոկտեմբերի 17 Բշ. ԴԿ. Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու

ԱՌԱԿՆԵՐ 15.27-32։ Յովել 2.12-13։ Ա Տիմոթէոս 1.12-17։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 27.50-61։

Կարդալ ավելին

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են