Գործք
34 Մի փարիսեցի, որի անունը Գամաղիէլ էր, օրէնուսոյց և ամբողջ ժողովրդից պատուուած մարդ, ատեանի մէջ ոտքի ելաւ և հրամայեց, որ առաքեալներին մի փոքր ժամանակով դուրս հանեն. 35 ապա նրանց ասաց. «Ո՛վ իսրայէլացիներ, զգո՛յշ եղէք, թէ այս մարդկանց ի՛նչ պէտք է անէք: 36 Այս օրերից առաջ մէջտեղ ելաւ Թևդասը, որն իր մասին ասում էր, թէ ինքը երևելի մէկն է. և նրան յարեցին թուով մօտ չորս հարիւր մարդիկ. նա սպանուեց, և բոլոր նրանք, որ նրա հետ միաբանել էին, բաժանևբաժան եղան, ու նրանցից ոչինչ չմնաց: 37 Դրանից յետոյ, մարդահամարի օրերին, մէջտեղ ելաւ Յուդա Գալիլիացին և շատ ժողովուրդ ապստամբեցրեց իր յետևից. նա էլ կորաւ. և բոլոր նրանք, որ նրա հետ համաձայնել էին, ցիրուցան եղան: 38 Արդ, այժմ ասում եմ ձեզ, հեռո՛ւ մնացէք այդ մարդկանցից և բա՛ց թողէք նրանց, որովհետև եթէ այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կը քանդուի. 39 իսկ եթէ Աստծուց է, չէք կարող դրանք ձախողեցնել. մի գուցէ աստուածամարտ էլ դառնաք»: 40 Ժողովականները հաւանութիւն տուեցին նրան և առաքեալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլևս չխօսեն. և արձակեցին նրանց: 41 Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետև Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել: 42 Եւ ամէն օր, տաճարում թէ տներում, չէին դադարում ուսուցանել և
աւետարանել Յիսուս Քրիստոսին: 6 Այն օրերին, երբ աշակերտները բազմացան, յունախօս հրեաները տրտնջացին եբրայախօս հրեաների դէմ, որովհետև իրենց այրիները ամենօրեայ նպաստի բաշխման ժամանակ անտեսւում էին: 2 Տասներկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնն ու ասացին. «Մեզ հաճելի չէ թողնել Աստծու խօսքի քարոզութիւնը և սեղաններ սպասարկել: 3 Եղբայրնե՛ր, ընտրեցէ՛ք ձեր միջից բարի համբաւ ունեցող եօթը մարդու, որոնց կը նշանակենք այդ ծառայութիւնների համար. 4 իսկ մենք աղօթքի և խօսքի քարոզութեանը նուիրուենք»: 5 Այս խօսքը հաճելի թուաց բոլոր հաւատացեալներին. և ընտրեցին Ստեփանոսին, որ հաւատով և Սուրբ Հոգով
լցուած մի մարդ էր, և Փիլիպպոսին, Պրոքորոնին, Նիկանորային, Տիմոնային, Պարմենային, Նիկողայոսին, որ անտիոքցի մի նորադարձ էր. 6 նրանց կանգնեցրին առաքեալների առաջ և, աղօթք անելով, նրանց վրայ ձեռք դրեցին: 7 Եւ Աստծու խօսքը աճում էր, ու աշակերտների թիւը Երուսաղէմում մեծապէս շատանում էր: Եւ քահանաներից շատեր հնազանդւում էին հաւատին:
ՅԱԿՈԲՈՍ 3
ԸՆԴԴԷՄ ԱՆՍԱՆՁ ԼԵԶՈՒԻ
3 Եղբայրնե՛ր իմ, շատերդ ուսուցանողներ լինելու չձգտէք: Իմացէ՛ք, որ մեծ դատաստան ենք ընդունելու,
2 քանի որ բոլորս էլ շատ ենք մեղանչում: Եթէ մէկը խօսքով չի մեղանչում, նա կատարեալ մարդ է՝ ընդունակ սանձահարելու իր ամբողջ մարմինը:
3 Տե՛ս, թէ ինչպէս սանձեր ենք դնում ձիերի բերանը, որ նրանք մեզ հնազանդուեն. եւ նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք:
4 Ահա՛ւասիկ եւ նաւերը. ի՜նչ հսկայ բաներ են, սաստիկ հողմերից քշւում են, բայց փոքր մի ղեկով ուղղւում են ո՛ր կողմը որ նաւավարի սիրտն ուզում է:
5 Այսպէս էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներ է բարբառում: Ահա թէ մի փոքր կրակ ինչպիսի՜ անտառներ է հրդեհում: 6 Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրաւութեան. մեր անդամների մէջ է հաստատուած լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը եւ կրակով վառում մեր ամբողջ կեանքը, բորբոքուած գեհենի կրակով: 7 Գազանների, թռչունների եւ սողունների ամէն տեսակ եւ ինչ որ կայ ծովի մէջ, հնազանդուած է եւ հնազանդւում է մարդկային բնութեանը, 8 բայց մարդկանց լեզուն՝ այդ չարը, անզսպելին եւ մահաբեր թոյնով լցուածը, ոչ ոք չի կարող հնա զանդեցնել:
9 Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ: 10 Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ: Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի: 11 Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի՞:
12 Եղբայրնե՛ր իմ, միթէ կարելի՞ է, որ թզենին ձիթապտուղ տայ կամ որթատունկը՝ թուզ: Նմանապէս աղուտ տեղից քաղցր ջուր չի կարելի ստանալ:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆԷՍԻ
1 Սկզբից էր Բանը, եւ Բանը Աստծու մօտ էր, եւ Բանը Աստուած էր: 2 Նա սկզբից Աստծու մօտ էր: 3 Ամէն ինչ նրանով եղաւ. եւ առանց նրան չեղաւ ոչինչ, որ եղել է: 4 Կեանքը նրանով էր: Եւ այդ կեանքը մարդկանց համար լոյս էր: 5 Եւ լոյսը խաւարի մէջ լուսաւորում է, եւ խաւարը նրան չնուաճեց:
6 Կար մի մարդ՝ Աստծուց ուղարկուած. նրա անունը՝ Յովհաննէս: 7 Սա եկաւ որպէս վկայ, որպէսզի վկայի լոյսի մասին, որ բոլորը նրա միջոցով հաւատան: 8 Ինքը լոյսը չէր, այլ եկել էր, որ վկայի լոյսի մասին:
9 Այդ լոյսն էր ճշմարիտ լոյսը, որ լուսաւորում է ամէն մարդու, որ գալու է աշխարհ: 10 Նա աշխարհի մէջ էր, եւ աշխարհը նրանով եղաւ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: 11 Իւրայինների մօտ եկաւ, բայց իւրայինները նրան չընդունեցին: 12 Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանութիւն տուեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անուանը կը հաւատան: 13 Նրանք ո՛չ արիւնից, ո՛չ մարմնի կամքից եւ ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնուեցին: 14 Եւ Բանը մարմին եղաւ ու բնակուեց մեր մէջ, եւ տեսանք նրա փառքը, նման այն փառքի, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտութեամբ:
15 Յովհաննէսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա՛ է, որի մասին ասացի: Նա, որ իմ յետեւից էր գալու, ինձնից մեծ եղաւ, որովհետեւ ինձնից առաջ կար»: 16 Մենք բոլորս նրա լրիւութիւնից ստացանք շնորհ՝ շնորհի փոխարէն. 17 որովհետեւ օրէնքը Մովսէսի միջոցով տրուեց, իսկ շնորհը եւ ճշմարտութիւնը Յիսուս Քրիստոսի միջոցով եղան: