Материалы

Փետրվարի 6 † Գշ. ԴԿ. Սրբոց Ղեւոնդեանց քահանայիցն

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ 5.16-23։ Եսայի 35.1-2, 61.6-7։ Ա Պետրոս 1.3-9։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.4-10։

ԻՄԱՍՏՈՒԹԻՒՆ ՍՈՂՈՄՈՆԻ

16Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան. նրանց վարձը Տիրոջից է, եւ նրանց խնամքը Բարձրեալից։ 17Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը, քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի եւ իր բազկով նրանց պաշտպան է լինելու։ 18Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ եւ պիտի զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրէժ լուծելու համար. 19իբրեւ զրահ նա պիտի հագնի արդարութիւնը եւ անաչառ դատաստանը իբրեւ սաղաւարտ պիտի դնի գլխին, 20որպէս վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբութիւնը 21եւ որպէս հատու սուսեր պիտի սրի բարկութիւնը։ Եւ Տիրոջ հետ միասին ու խառն, աշխարհը պիտի պատերազմի անզգամների դէմ։ 22Ամպերից, ինչպէս լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան եւ թռչեն դէպի նպատակակէտը, 23եւ բարկութիւնից, ինչպէս քարանետից, առատ կարկուտ պիտի թափուի, ծովի ջրերը պիտի զայրագին յորդեն նրանց վրայ, գետերը պիտի անխնայ ողողեն:

Եսայի

35 Թող ուրախանայ ծարաւած անապատը, թող ցնծայ անապատը ու ծաղկի ինչպէս շուշանը։ 2Թող ծաղկի ու ցնծայ Յորդանանի անապատը. նրան պիտի տրուի ե՛ւ փառքը Լիբանանի, ե՛ւ պատիւը Կարմելոսի, ու իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհութիւնը մեր Աստծու։

6Իսկ դուք Տիրոջ քահանաներ պիտի կոչուէք, մեր Աստծու պաշտօնեաներ պիտի անուանուէք, ազգերի հարստութիւնը պիտի ուտէք եւ նրանց մեծութեամբ պիտի փառաւորուէք։ 7Ձեր ամօթի փոխարէն՝ կրկնակի ուրախութիւն, ձեր անարգանքի փոխարէն ցնծութիւն պիտի վայելէք եւ ապա դարձեալ պիտի ժառանգէք երկիրը, եւ յաւիտենական ուրախութիւն պիտի լինի ձեզ համար։

Ա Պետրոս

3Օրհնեա՜լ է Աստուած եւ Հայրը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ իր առատ ողորմութեամբ մեզ վերստին ծնեց կենդանի յոյսի համար՝ մեռելներից Յիսուս Քրիստոսի յարութեամբ. 4ծնեց անեղծ եւ անարատ ու անթառամ ժառանգութեան համար, որ պահուած է երկնքում ձեզ համար, 5ձեզ, որ Աստծու զօրութեամբ պահուած էիք հաւատով՝ փրկութեան համար, որ պատրաստ է յայտնուելու վերջին ժամանակներում։ 6Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ դէպքերի բերումով, այլ եւ այլ փորձութիւններով փոքր-ինչ տրտմած էք, 7որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի, 8որին չէք տեսել, բայց սիրում էք եւ որին այժմ էլ չէք տեսնում, բայց հաւատում էք նրան եւ ուրախ էք անպատմելի ու փառաւոր խնդութեամբ՝ 9ձեռք բերելով ձեր հաւատի պսակումը՝ հոգիների փրկութիւնը։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

4Բայց ասում եմ ձեզ՝ իմ սիրելիներին, մի՛ զարհուրէք նրանցից, որ մարմինն են սպանում եւ դրանից յետոյ աւելի բան անել չեն կարող, 5այլ ցոյց կը տամ ձեզ, թէ ումի՛ց պէտք է վախենաք։ Վախեցէ՛ք նրանից, ով սպանելուց յետոյ գեհեն նետելու իշխանութիւն ունի։ Այո՛, ասում եմ ձեզ, վախեցէ՛ք նրանից։ 6Չէ՞ որ հինգ ճնճղուկը երկու դահեկանի է վաճառւում, եւ նրանցից ոչ մէկը Աստծու առաջ մոռացուած չէ։ 7Նոյնիսկ ձեր գլխի բոլոր մազերը հաշուուած են. մի՛ վախեցէք, որովհետեւ դուք շատ աւելի յարգի էք, քան ճնճղուկները»։ 8«Ասում եմ ձեզ, ով որ մարդկանց առաջ խոստովանի ինձ, մարդու Որդին էլ նրան կը խոստովանի Աստծու հրեշտակների առաջ։ 9Իսկ ով որ մարդկանց առաջ ինձ կ՚ուրանայ, Աստծու հրեշտակների առաջ պիտի ուրացուի։ 10Եւ ով որ մարդու Որդու դէմ բան ասի, նրան պիտի ներուի, բայց ով որ Սուրբ Հոգուն հայհոյի, նրան չպիտի ներուի։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են