Материалы

Նոյեմբերի 5 † Կիր. ԲՁ. Ը. կիր. զկնի Ս. Խաչի

ԵՍԱՅԻ 22.15-24։ Եփեսացիներ 1.1-14։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 8.17-21։

ԵՍԱՅԻ

15Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Դու գնա՛, մտի՛ր դիւան, Սոմնաս հանդերձապետի մօտ, եւ ասա՛ նրան. 16«Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է բերել քեզ այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մէջ քեզ համար օթեւան ես շինել»։ 17Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ո՛վ մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմուճանից եւ փառապսակից։ 18Քեզ պիտի նետի մեծ ու անսահման երկիրը, եւ այնտեղ դու պիտի մեռնես. քո շքեղ կառքերը անարգանքի առարկայ պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տայ։ 19Քո դիրքից ու աստիճանից պիտի զրկուես։ 20Այն օրը պիտի կանչեմ իմ ծառայ Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն, 21նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, պիտի տամ նրան քո պսակն իր ճոխութեամբ, քո հազարապետութիւնը նրա ձեռքը պիտի տամ, եւ թող նա հայր դառնայ Երուսաղէմի ու Յուդայի երկրի բնակիչների համար։ 22Դաւթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, եւ ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել։ 23Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, եւ թող նա բազմի իր հօր տան փառքի աթոռին։ 24Թող նրան ապաւինեն իր հօր տան բոլոր պատուաւոր մարդիկ՝ փոքրից մինչեւ մեծը։ Բոլոր անօթները, մանր թէ մեծ, մինչեւ կարասները, նա պիտի բացի, եւ ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, եւ ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամէն ինչ կախուած է լինելու նրանից։

Եփեսացիներ

1 Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, Եփեսոսում եղած սրբերին եւ հաւատացեալներին ի Քրիստոս. 2շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ 3Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ, երկնային աշխարհում. 4նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով։ 5Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճութեան։ 6Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով։ 7Նրանո՛վ է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն, ըստ իր շնորհի մեծութեան չափի, 8որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ։ 9Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով, 10որպէսզի, ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի։ 11Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակուած բաժինը, ըստ առաջադրութեան Աստծու, որ ամէն ինչ յաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն. 12մենք՝ նախապէս Քրիստոսին յուսացողներս, նախասահմանուած եղանք գովելու նրա փառքը։ 13Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտութեան խօսքը՝ ձեր փրկութեան Աւետարանը, որին հաւատալով կնքուեցիք խոստացուած Սուրբ Հոգով, 14որ մեր ժառանգութեան առհաւատչեան է մինչեւ այն օրը, երբ կատարելապէս կը տիրանանք փրկութեանը՝ ի գովութիւն նրա փառքի։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

17Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ։ 18Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից» 19Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով։ 20Իմաց տուին նրան եւ ասացին. «Քո մայրը եւ քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»։ 21Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծու խօսքը լսում են եւ կատարում»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են