Материалы

ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

tem logo1945-1946 (առաջնորդական տարիներ) ՆԵՐՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ («Էջմիածին» ամսագիր, 1948, Ա-Բ, էջ 29-30): Ծնվել է 1879 թ. օգոստոսի 22-ին Ղրիմի Ղարասու-բազար քաղաքում, Ռումինիայից այնտեղ վերաբնակություն հաստատած արհեստավորի ընտանիքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, այնուհետև սովորել ու ավարտել է նաև Թիֆլիսի Ներսիսյան թեմական դպրոցը: Ավարտելուց հետո վերադառնում է իր ծննդավայրը և որպես ուսուցիչ պաշտոնավարում մինչև 1903 թ.: 1905 թ. ուսուցչական պաշտոնով հրավիրվում է Աստրախան` թեմակալ առաջնորդ Արիստակես արքեպիսկոպոսի կողմից, որի ձեռքով էլ ձեռնադրվում է սարկավագ և ապա` քահանա: Տասնյակ տարիներ նա քահանայագործում է անդրկասպյան քաղաքներում` Չարժոյում, Թերմեզում, Քերքիում, Կոկանդում, Պորտ-Ալեքսանդրովսկում և այլուր` ամեն տեղ արժանանալով իր հոտի սիրույն և համակրանքին:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ներսես քահանա Աբրահամյանը ռազմաճակատի հոգևոր հովվի պաշտոնով ծառայում է գործող բանակի շարքերում: Այդ տարիներին նա հանգանակություններ է կատարում համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված հայ զինվորների ընտանիքների և թուրքահայ գաղթականների օգտին: Գևորգ Ե կաթողիկոսը, իբրև գնահատություն, հատուկ կոնդակով նրան նվիրում է լանջախաչ և շնորհում ավագ քահանայության կոչում: Ներսես ավագ քահանան 1918 թ. պաշտոնավարում է Կրասնոդարում և մեծ օգնություն ցուցաբերում Կուբանում ապաստան գտած հայ ընտանիքներին: 1919 թ. Բեկգուլյանց ավագ քահանայի աշխատակցությամբ նա կազմում և հրատարակում է ռուսերեն լեզվով հայկական պատկերազարդ օրացույց` Ս. Էջմիածնի, հայկական եկեղեցիների, պատմական հուշարձանների, հայաբնակ վայրերի, թուրքահայ ժողովրդի զանգվածային կոտորածների մասին հարուստ տեղեկություններով: Կրասնոդարում Տեր Ներսեսը հայերեն լեզվով օրացույց է հրատարակում 1920, 1921, 1922 թթ.:

Հայաստան տեղափոխվելով` նա աբեղա է ձեռնադրվում և դառնում Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության անդամ: 1945 թ. մայիսի 7-ին ձեռնադրվում է վարդապետ, և նույն թվի հուլիսի 1-ին` եպիսկոպոս: 1945 թ. Ազգային-Եկեղեցական ժողովի կողմից Ներսես եպիսկոպոսն ընտրվում է Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ: Սուրբ Էջմիածնի Համազգային Եկեղեցական ժողովին Ներսես եպիսկոպոսը մասնակցել է որպես Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ («Էջմիածին» ամսագիր, 1945 թ., հունիս-հուլիս, էջ 15 և 63):

1945-1946 ուսումնական տարեշրջանում նա ուսուցչական պաշտոն է վարում Մայր Աթոռի նորաբաց Հոգևոր ճեմարանում: 1946 թ. նշանակվում է Ադրբեջանի և Թուրքեստանի թեմի առաջնորդ, մեկնում Բաքու, բայց հոգեպես միշտ կապված է լինում Հոգևոր ճեմարանին: Նա իր գրադարանի գեղարվեստական գրքերի մեծ մասը նվիրում է Հոգևոր ճեմարանին: Հիվանդության պատճառով Ներսես եպիսկոպոս Աբրահամյանը Բաքվից վերադառնում է Մայր Աթոռ և 1948 թ. փետրվարի 5-ին վախճանվում:

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են