Материалы

Նոյեմբերի 27 † Կիր. ԱՁ. Ա կիր. Յիսնակի

Եսայի 36.1-9։ Ա Թեսաղոնիկեցիներ 1.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 12.13-31։

Եսայի

36 Այնպէս պատահեց, որ Եզեկիայի թագաւորութեան տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան յարձակուեց Հրէաստանի ամուր քաղաքների վրայ եւ գրաւեց։ 2Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զօրքով Երուսաղէմ, Եզեկիա արքայի մօտ ուղարկեց Ռափսակին, որը եկաւ կանգ առաւ Կտաւ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերեւի աւազանի ջրմուղի մօտ։ 3Նրան ներկայացան Քեղկիայի որդի Եղիակիմը, որը հազարապետն էր, գրագիր Սոմնասը, որ հրովարտակներ էր գրում, եւ Ասափի որդի Յովաքը, որը ատենադպիրն էր։ 4Ռափսակը նրանց ասաց. «Գնացէք յայտնեցէ՛ք Եզեկիային, որ այսպէս է ասում Ասորեստանի մեծ արքան. «Ո՞ւմ վրայ ես յոյս դրել. 5խորհրդով կամ բերանի խօսքերով պատերազմի հարց կը լուծուի՞. իսկ հիմա ո՞ւմ վրայ ես յոյս դրել, որ չես հնազանդւում ինձ։ 6Ահա դու յոյսդ դրել ես ջախջախուած եղեգնեայ ցուպի՝ եգիպտացու վրայ, որին եթէ որեւէ մէկը յենուի՝ պիտի խորտակուի, եւ այն պիտի ընկնի ձեռքից. ահա այդպիսին է Եգիպտոսի Փարաւոն արքան ամենքի համար, որոնք ապաւինել են նրան։ 7Իսկ եթէ ասէք, թէ՝ մեր Տէր Աստծուն ենք ապաւինել, ապա մի՞թէ դա նա չէ, որի բարձրադիր մեհեաններն ու զոհասեղանները Եզեկիան քանդեց եւ Հրէաստանին ու Երուսաղէմին հրաման տուեց, որ միայն իր առջեւ գտնուող զոհասեղանին երկրպագութիւն մատուցեն։ 8Դէ ուրեմն եկէք միացէ՛ք իմ տիրոջը՝ Ասորեստանի արքային, եւ ես ձեզ երկու հազար երիվար կը տամ, եթէ դուք կարողանաք դրանց համար հեծեալներ տալ։ 9Եւ դուք, որ յոյս էք դրել Եգիպտոսի վրայ, նրանց հեծեալների ու երիվարների վրայ, ինչպէ՞ս պիտի կարողանաք կռուել իմ տիրոջ աշխարհակալ զօրապետներից որեւէ մէկի հետ։

Ա Թեսաղոնիկեցիներ

1 Պօղոսը, Սիղուանոսը եւ Տիմոթէոսը՝ թեսաղոնիկեցիներիդ եկեղեցուն՝ մեր Հայր Աստուծով եւ Տէր Յիսուս Քրիստոսով։ 2Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն։ Միշտ գոհութիւն ենք յայտնում Աստծուն ձեզ համար՝ բոլորիդ յիշատակելով մեր աղօթքներում, 3անդադար յիշելով ձեր հաւատի գործը, սիրոյ վաստակը եւ յոյսի համբերութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի, Աստծու եւ մեր Հօր առաջ։ 4Սիրելի՛ եղբայրներ, գիտցէ՛ք, որ ընտրուել էք Աստծու կողմից. 5մեր Աւետարանը միայն խօսքերով չքարոզուեց ձեզ, այլ նաեւ զօրութեամբ, Սուրբ Հոգով եւ կատարեալ վստահութեամբ. գիտէք նաեւ, թէ ինչպիսի ընթացք ունեցանք ձեր մէջ ձեզ համար։ 6Եւ դուք, նմանուելով մեզ եւ Տիրոջը, ընդունեցիք Խօսքը բազում նեղութեան մէջ Սուրբ Հոգու ուրախութեամբ՝ 7օրինակ հանդիսանալով բոլոր հաւատացեալներին, որոնք Մակեդոնիայում եւ Աքայիայում են. 8ձեզնից հնչեց Աստծու խօսքը ոչ միայն Մակեդոնիայում եւ Աքայիայում, այլեւ առ Աստուած ձեր ունեցած հաւատը սփռուեց ամէն տեղ, այնպէս որ մեզ պէտք չէ մի որեւէ բան խօսել այդ մասին, 9քանի որ մարդիկ իրենք իսկ պատմում են մեր մասին. թէ ինչպէս եղաւ մեր մուտքը ձեր մէջ, եւ թէ ինչպէս կուռքերից դարձաք առ Աստուած՝ ծառայելու համար կենդանի եւ ճշմարիտ Աստծուն 10եւ սպասելու երկնքից նրա Որդու գալստեան, որին յարութիւն տուեց նա մեռելներից, Յիսուսին, որ պիտի փրկի մեզ վերահաս բարկութիւնից։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

13Ժողովրդի միջից մէկը նրան ասաց. «Վարդապե՛տ, ասա եղբօրս, որ ժառանգութիւնը ինձ հետ բաժանի»։ 14Եւ նա նրան ասաց. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատաւոր կամ բաժանարար կարգեց ձեր վրայ»։ 15Ապա ժողովրդին ասաց. «Տեսէք, որ զգոյշ լինէք ամէն տեսակ ագահութիւնից, որովհետեւ մարդու կեանքը իր կուտակած հարստութեան մէջ չէ»։ 16Եւ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի մեծահարուստի արտերը առատ բերք տուեցին. 17եւ նա խորհեց իր մտքում ու ասաց. «Տեսնեմ ինչ կարող եմ անել, քանի որ բերքս կուտակելու տեղ չկայ։ 18Գիտեմ, – ասաց նա, – թէ ինչ պէտք է անեմ. կը քանդեմ իմ շտեմարանները եւ աւելի մեծերը կը շինեմ ու այնտեղ կը հաւաքեմ ցորենը եւ իմ ամբողջ բարիքները. 19ու ինքս ինձ կ՚ասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարուած բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր»։ 20Աստուած նրան ասաց. «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ 21Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ»։ 22Եւ իր աշակերտներին ասաց. «Դրա համար էլ ասում եմ ձեզ. հոգ մի՛ արէք ձեր հոգու համար, թէ ինչ էք ուտելու, ոչ էլ մարմնի համար, թէ ինչ էք հագնելու, 23որովհետեւ հոգին առաւել է, քան կերակուրը, եւ մարմինը՝ քան հագուստը։ 24Նայեցէ՛ք ագռաւներին, որոնք ո՛չ սերմանում են եւ ո՛չ հնձում, որոնք ո՛չ շտեմարաններ ունեն եւ ո՛չ էլ ամբարներ, բայց Աստուած կերակրում է նրանց. որքա՜ն եւս առաւել ձեզ, որ շատ աւելի յարգի էք, քան թռչունները։ 25Ձեզնից ո՞վ, հոգս անելով, կը կարողանայ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել։ 26Արդ, եթէ փոքր բանի մէջ անկարող էք, այլ բաների համար ինչո՞ւ էք հոգս անում։ 27Նայեցէ՛ք շուշանին՝ ինչպէս է աճում. ո՛չ աշխատում է եւ ո՛չ հիւսում։ Ասում եմ ձեզ՝ Սողոմոնն իսկ իր ամբողջ փառքի մէջ նրանցից մէկի նման չհագնուեց։ 28Իսկ եթէ խոտը, որ այսօր բաց դաշտի մէջ է, իսկ վաղը հնոց է նետուելու, Աստուած այդպէ՛ս է հագցնում, որչա՜փ եւս առաւել ձեզ պիտի հագցնի, թերահաւատնե՛ր։ 29Եւ դուք մի՛ մտահոգուէք, թէ ի՛նչ էք ուտելու կամ ի՛նչ էք խմելու, եւ մի՛ մտատանջուէք, 30որովհետեւ այդ ամէնը աշխարհի հեթանոսներն են, որ փնտռում են։ Իսկ ձեր Հայրը գիտէ, որ այդ ամէնը պէտք է ձեզ։ 31Այլ դուք հետամո՛ւտ եղէք Աստծու արքայութեանը, եւ այդ ամէնը աւելիով կը տրուի ձեզ»։

Կոնտակտ

5, Samghebro St., 0105 – Tbilisi, Georgia
Phone: +995322724111
Email: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։

 ©2024 Վիրահայոց թեմ. Բոլոր իրավունքները պաշտպանված են